.jpg)
Տեղական դիտորդների ստուգման առաջարկը Դ. Հարությունյանինն է
Այսօր «ՀՀ ընտրական օրենսգիրքը` որպես օրենսդիր իշխանությունում և տեղական ինքնակառավարման մարմիններում գենդերային հավասարակշռության հասնելու գործիք» թեմայով հրավիրած կլոր սեղան-քննարկման ժամանակ ԱԺ Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասաց, որ ընտրությունների մասնակից տեղական դիտորնդներին օրենքով ստուգելու մասին առաջարկությունն իրենն է եղել:
«Երբ խոսում ենք տեղական դիտորդների մասին, ստացվում է` խտրականություն ենք մտցնում ու տեղական դիտորդներին ենք ուզում փորձել: Ուզում եմ ձեզ հարց տալ: Նախորդ ընտրություններին, որ մասնակցել եք, ադյոք չե՞ք տեսել բազմաթիվ տեղական դիտորդներ, որ դիտորդի տեսք անգամ չունին, ներկայացնում էին տարբեր ՀԿ-ներ, ու շատերի դեմքից անգամ երևում էր, որ տառաճանաչ չեն»,- դիմելով ներկաներին` ասաց Դ. Հարությունյանը:
«Ես համաձայն եմ, որ պարտադիր չէ ուսուցումը. այն կամավոր է, ու յուրաքանչյուր ՀԿ կարող է դա կազմակերպել: Ես համաձայն եմ, որ պետք է օրենքում գրել այնպիսի ստուգման մասին, որ այն որևէ մեկի ձեռքին չկարողանա դառնալ գործիք` հնարավորություն ընձեռելով մեկին լինել տեղական դիտորդ, մյուսին`ոչ: Սա այսօրվա քաղաքական մշակութային արատավոր երևույթիներից մեկի դեմ պայքարի միջոց է: Գիտե՞ք այլ միջոց, առաջարկե’ք»,- ասաց նա:
Դ. Հարությունյանը հիշեցրեց, որ ՀԿ-ներին խնդրել է լուծել այդ խնդիրը, սակայն վերջիններս «առաջարկներ են արել` ելնելով նրանից, որ միայն իրենք են այս դաշտում գործում»:
«Պետք է գտնել արդյունավետ լուծման մեխանիզմներ, ու եղանակերից մեկը ստանդարտացված թեստերով իրականացնելն է»,- եզրափակեց հանձնաժողովի նախագահը: