«Հայրենիքը սիրելը մեղք է, Հայրենիքը պետք է պաշտել»
03/05/2011 18:47

«Հայրենիքը սիրելը մեղք է, Հայրենիքը պետք է պաշտել»

Մայիսի 3-ին, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցում «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում «Գարեգին Նժդեհի գաղափարակիրը» խորագրի ներքո անցկացվեց հերթական միջոցառումը:

ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական վարչության հաղորդմամբ` համահայկական ծրագրերի վարչության մշակույթի, սպորտի և երիտասարդության բաժնի պետ Գ. Մնացականյանը բացման խոսքում նշեց, որ Հայաստան-Սփյուռք գործակցության պետական քաղաքական ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը 2009 թվականից իրականացնում է «Մեր մեծերը» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում թե հայաստանյան, թե սփյուռքյան հայկական դպրոցներում:

Միջոցառմանը ելույթ ունեցավ պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը: Վերջինս ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունը` անդրադառնալով Հայրենիքի նկատմամբ անմնացորդ սիրո, ցեղապաշտության, արյան մաքրության, ուժի պաշտամունքի և այլ դրվագների: Ելույթում մեջբերեց հերոսի հնչեցրած` «Եղիր ուժեղ, կրկին ուժեղ, ուժն է ծնում արդարություն», «Հայրենիքը սիրելը մեղք է, Հայրենիքը պետք է պաշտել» գաղափարները:

«Դպրոցում կազմակերպվող բոլոր միջոցառումները` անկախ իրենց բնույթից, միահյուսվում են Նժդեհի գաղաղափարախոսությանը: Նժդեհյան գաղափարախոսությունը թևածում է հ.161 դպրոցում»,- նշեց դպրոցի պատմության ուսուցչուհի Թերեզա Գասպարյանը` հավելելով, որ նախկինում անգլերեն լեզվի խորացված ուսուցմամբ հ.161 դպրոցը 2001թ.` Գարեգին Նժդեհի 115-ամյակի կապակցությամբ, վերանվանվել է վերջինիս անունով:

Միջոցառման ավարտին աշակերտներին ներկայացվեցին դրվագներ ռեժիսոր Վարդան Օնանյանի «Առաջին այրերը» ֆիլմից:
Եզրափակիչ խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Մուշեղ Սինանյանը` հույս հայտնելով, որ դպրոցի սաները դպրոցում ստացած գիտելիքները կօգտագործեն ի շահ Հայրենիքի:
 

«Հայրենիքը սիրելը մեղք է, Հայրենիքը պետք է պաշտել»