.jpg)
Վերահսկիչ պալատը բազմաթիվ չարաշահումներ է բացահայտել
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ մայիսի 3-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը:
ՎՊ լրատվական ծառայության փոխանցմամբ` քննարկվել է «Քաղաքաշինության նախարարության գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ում ՎՊ-ի կողմից 2010 թ.-ին իրականացված ստուգումների արդյունքներով կատարված առաջարկությունների իրագործման ընթացքը:
ՎՊ նախագահը տեղեկացրել է, որ վերահսկողության արդյունքում բացահայտվել են բազմաթիվ չարաշահումներ, մասնավորապես գնումների գործակալության շահած գները մի քանի անգամ բարձր են ներկայացվել շուկայական գներից, գնագոյացման դաշտում ուսումնասիրությունները կատարվել են առանց մեթոդաբանության և հիմնարար փաստաթղթերի:
Կեղծվել են նաև պաշտոնական տեղեկագրերը` դրանք տպագրելու համար կազմվել են անհիմն տեղեկանքներ` առանց պատասխանատու անձի ստորագրության: Որոշ դեպքերում գների մեջ կրկնակի է հաշվարկվել ավելացված արժեքի հարկը և այլն:
Իշխան Զաքարյանը նշել է, որ խախտումներ են հայտնաբերվել նաև գնացուցակներում` պաշտոնական տեղեկագրերում անհիմն բարձր գներով են հաշվարկվել շինանյութի իրական և միջինացված գները:
Իրավիճակը շտկելու նպատակով ՎՊ-ն դիմել է ՀՀ կառավարություն` վերանայելու «Քաղաքաշինության նախարարության գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունը: Կառավարության որոշմամբ նշված ՊՈԱԿ-ը ՀՀ քաղաքաշինության նախարարության կազմից հանվել է և տեղափոխվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն: Նախարար Տ. Դավթյանը իր հերթին նշել է, որ հայտնաբերված խախտումները մտահոգիչ են, չկա գների հաշվարկման մեթոդաբանություն, և նախարարությունն արդեն ձեռնարկել է դրանք շտկելու ուղղությամբ համապատասխան քայլեր, այդ թվում` արդեն դիմել են եվրոպացի մասնագետների աջակցությանը:
Խորհրդակցության ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնագետների մասնակցությամբ ձեռնարկել կտրուկ քայլեր`իրավիճակը շտկելու ուղղությամբ: ՎՊ նախագահը պատրաստականություն է հայտնել խնդրին վերաբերող ցանկացած հարցում աջակցել էկոնոմիկայի նախարարությանը: