.jpg)
Կկառուցվի հայ-ռուսական բարեկամության այգի
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, «Պատվի գործ՚» բարեգործական կազմակերպության հետ համագործակցությամբ` համայնքային զարգացման ծրագիր է իրականացրել Արմավիրի և Արարատի մարզերում:
Հայաստանի բջջային առաջատար օպերատորը 90 մլն դրամ է հատկացրել «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությանը` Արարատի և Արմավիրի մարզերում հանրային նշանակության կառույցների հիմնանորոգման համար: Ընթացքում են Արարատի մարզի Զովաշեն գյուղի մանկապարտեզի տանիքի հիմնանորոգման, պատուհաններն ու դռները նորերով փոխարինելու, մանրահատակի տեղադրման և առհասարակ` տարածքի վերանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Պատվի գործ» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում նույն գյուղում կկառուցվի հայ-ռուսական բարեկամության այգի: Իսկ Արմավիրի մարզում` Օշականի ճակատամարտի ընթացքում Մայր Աթոռ Սբ Էջմիածինը պարսկական հարձակումից փրկած ռուս զինվորի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը հիմնանորոգվել է:
«Հայ ժողովուրդը միշտ եղել է քաղաքակիրթ այն ազգերի թվում, որոնք գնահատել են ժողովուրդների միջև բարեկամությունը: Մեզանում հայ-ռուսական հարաբերությունների արժևորումն արտահայտվել է նաև մշակույթի լեզվով: Դրա վկայությունն են նաև ձեռնարկված այս քայլերը»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Գեղեցիկ ապրելու արվեստը պարտավորեցնում է գնահատել ոչ միայն ճարտարապետության լեզվով արտահայտված մարդկային երևակայության արդյունքը, այլև այն ամենը` ինչ պարգևել է մայր բնությունը: Այս այգին ներկայացնում է այդ երկուսի համադրությունը»,- ընդգծեց Ռալֆ Յիրիկյանը: