Գերմանիայում բացվել է Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանը
03/05/2011 17:35

Գերմանիայում բացվել է Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանը

Մայիսի 2-ին Գերմանիայի Պոտսդամ քաղաքում տեղի ունեցավ հայ ժողովրդի բարեկամ, գերմանացի հրապարակախոս Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը:

Պատմական կառույցը` որպես Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան, գերմանական կառավարության կողմից հատկացվել էր դեռևս 1998 թվականին: Կառույցի վերանորոգման աշխատանքներն ընդհատումներով շարունակվեցին շուրջ 11 տարի: Տուն-թանգարանը վերջին մեկ տարում Գերմանիայում բացված երկրորդ գիտապատմական կենտրոնն է, որը կարող է նպաստել հայագիտության տարբեր ոլորտների, նաև ցեղասպանության ուսումնասիրմանը:

ՀՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` բացման արարողությանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայի կանցլերի գրասենյակի պետքարտուղար, մշակութային և տեղեկատվական հարցերով ներկայացուցիչ Բերնդ Նոյմանը, Բեռլին-Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտությունների և մշակույթի նախարար, պրոֆեսոր Սաբինե Կունստը, Պոտսդամի քաղաքապետ Յան Յակոբսը: Միջոցառմանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Միջոցառման կապակցությամբ ուղերձներ էին հղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
 

Գերմանիայում բացվել է Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանը