Հայաստանին նվիրված երեկո` Բեյրութի «Սենթ Ժոզեֆ» համալսարանում
24/05/2011 16:59

Հայաստանին նվիրված երեկո` Բեյրութի «Սենթ Ժոզեֆ» համալսարանում

Մայիսի 23-ին Բեյրութի «Սենթ Ժոզեֆ» ֆրանսիական համալսարանում Լիբանանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանին նվիրված երեկո:

Բացման խոսքով հանդես է եկել համալսարանի դասախոս Ժերար Բեջանին: Նա նշել է, որ միջոցառման նպատակն է անմիջականորեն ծանոթանալ Հայաստանի և հայ մշակույթի հետ: Նա բարձր է գնահատել մոտ օրերս Հայաստան մեկ շաբաթով մեկնող անհատների կազմակերպչական ջանքերը, ինչպես նաև ՀՀ դեսպանության հովանավորությունը: Բեջանին տեղեկացրել է, որ 40 հոգուց բաղկացած խմբի կազմում են Լիբանանում Բելգիայի հյուպատոսը, «Սենթ Ժոզեֆ» համալսարանի դասախոսները, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչները:

Այնուհետև Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, ժամանակակից Հայաստանի տնտեսական զարգացումներն ու առաջնայնությունները, ներդրումներ անելու հնարավորությունները, հայ մշակույթը և Հայաստանի տեսարժան վայրերը: Նա անդրադարձել է նաև հայ-լիբանանյան երկկողմ հարաբերություններին: Դեսպանի դասախոսությունը ուղեկցվել է Հայաստանը ներկայացնող լուսանկարների ցուցադրությամբ:

Դեսպանի խոսքից հետո Մունա Մուքարզելն ասմունքել է Մուշեղ Իշխանի և Նաիրի Զարյանի Հայաստանին նվիրված բանաստեղծությունների ֆրանսերեն թարգմանությունները: Այնուհետև համալսարանի ուսանողները հայկական ազգային տարազով ներկաների ուշադրությանն են ներկայացրել հայկական պարեր:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ միջոցառումը շարունակվել է «Սենթ Ժոզեֆ» համալսարանի եկեղեցում, ուր տեղի է ունեցել Զաքար Քեշիշյանի ղեկավարած Համազգայինի «Այգ» երգչախմբի ելույթը՝ հայկական ժողովրդական երաժշտական գործիքների նվագախմբի մասնակցությամբ: Երգացանկում ընդգրկված էին հայկական, արաբական և եվրոպական երգարվեստի լավագույն գործեր: Երեկոյի շրջանակներում կազմակերպվել էր նաև լուսանկարների ցուցահանդես Հայաստանի տեսարժան վայրերի մասին:

Երեկոյին ներկա էին համալսարանի դասախոսներն ու ուսանողները, հայ համայնքի ներկայացուցիչները:
 

Հայաստանին նվիրված երեկո` Բեյրութի «Սենթ Ժոզեֆ» համալսարանում