.jpg)
Էդուարդ Շարմազանով. Հաղթանակը վերջնական է
Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն այսօր Ազգային ժողովում հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասել է. «Մի քանի օրից լրանում է Հայաստանի առաջին հանրապետության և մեր ժողովրդի փառահեղ հաղթանակների` մայիսյան հերոսամարտի 93-րդ տարեդարձը: Մեր` երրորդ հանրապետության ժամանակակիցներիս համար, այն ունի մեծ խորհուրդ, քանի որ 1918-ի մայիսին 6 դարյա խավարից վեր հառավ Հայոց եռագույնը` խորհրդանշելով Հայոց պետականության վերածնունդը: Վերածնունդ, որը կայացավ` ի շնորհիվ հայի անկոտրում ու միասնական ոգու:
Մայիսյան պատմական ճակատամարտերով հայը վերստին հաստատեց իր հարատևելու կամքը` առաջ բերելով նույնիսկ թշնամու ակնածանքը, որոնք նշեցին, որ Սարդարապատում, Բաշ- Ապարանում և Ղարաքիլիսայում կարող են լինել լավագույն զինվորները:
Մայիս 28-ը սերունդներին փոխանցեց հետևյալ խորհուրդը. հաղթանակը վերջնական է, երբ մշտարթուն է անկախության բնազդը և երբ ներդաշնակ են գործում զենքն ու դիվանագիտությունը:
Հավատարիմ մնալով այս խորհրդին` մենք հաղթանակեցինք արցախյան հերոսամարտում` ապացուցելով, որ հայն անպարտելի է, երբ արթուն է անկախության և միասնականության ոգին:
Այսօր էլ թե՛ ներքին, թե՛ արտաքին հարթակներում մենք պարտավոր ենք առաջնորդվել այդ գաղափարով և պատահական չէ, որ երկրիս քաղաքական իշխանությունը` նախագահ Սարգսյանի գլխավորությամբ որդեգրել է այդ արժեքները: Այդ տրամաբանության օրինաչափությամբ նախագահ Սարգսյանը հանդես եկավ համաներման առաջարկով, որը միասնականության, համերաշխության և մարդասիրության վառ դրսևորում էր:
Թե՛ արցախյան, թե՛ հայ-թուրքական հիմնախնդրում նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ առաջնորդվում է միայն ու միայն ազգային շահի գերակայությամբ:
«Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում նա նշել է, որ Արցախն իր անկախությունը ձեռք է բերել արյունահեղ պատերազմում և միամիտ կլինի կարծել, որ կհրաժարվի այդ ձեռքբերումներից: Նույն թերթում երկրի ղեկավարը վերահաստատում է, որ մենք պետք է գործադրենք բոլոր ջանքերը Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, ավելին` նա նշեց, որ առանց ճանաչման` հաշտեցումն անհնար է:
Եզրափակելով խոսքս` նշեմ, որ այսօր մենք վերստին պետք է հաղորդակցվենք մայիս 28-ի խորհրդին և անկեղծորեն գործենք` մեր ներքին միությունը վերահաստատելու և արտաքին մարտահրավերներին դիմակայելու և հաղթանակելու համար»: