Հանրային գերակա շահ. Չուբարյանի արվեստանոցն են քանդում
24/05/2011 19:39

Հանրային գերակա շահ. Չուբարյանի արվեստանոցն են քանդում

Aysor-ի խմբագրություն այսօր ահազանգ հնչեց, որ անհայտ անձինք սպառնացել են ամենաուշը վաղն առավոտյան 9:00-ին մտնել անվանի քանդակագործ Ղուկաս Չուբարյանի տարածք և քանդել նրա արվեստանոցները, որտեղ գտնվում են նրա եզակի քանդակները:

Aysor-ի թղթակցի հետ զրույցում անվանի քանդակագործի դուստր Անուշ Չուբարյանն ասաց, որ Նալբանդյան 106 հասցեում գտնվող տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ: «Կայացվել է որոշում, որ պետք է քանդել տարածքը, սակայն առեղծվածային է, որ կառուցապատման իրավունք չի ստացվել: Այդ մասին ասում են և’ Երևանի քաղաքապետարանից, և’ ՀՀ կառավարությունից»,- մանրամասնեց նա և ավելացրեց, որ հայտնի չէ, թե ով է կառուցապատողը, ինչ է կառուցվում և ինչ միջոցներով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները, բնապահպաններն ու քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել նույն հասցեում` պահանջելով կանգնեցնել քաղաքում ակտիվ կերպով ընթացող շինարարությունը: Նշենք նաև, որ կառավարության մայիսի 18 N 438-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ` առկա խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով:

Ա. Չուբարյանը հայտնեց, որ իրենց ընտանիքին նախապես չի զգուշացվել` իրենց սեփական տարածք մտնելու և քանդելու աշխատանքների մասին:

«Այս պահին մեծ թափով կատարվում է ավտոտնակների, չորանոցների, ցախանոցների ապամոնտաժման աշխտանաքներ, այն էլ առանց պայմանագրի և բնակչության համաձայնության: Այսօր անհայտ անձինք, առանց փաստաթղթի առանց որևէ համաձայնության եկան և սպառնացին, որ առավոտյան 09:00-ին քանդելու են այս տարածքում գտնվող ամեն ինչ»,- ասաց Ա. Չուբարյանը:
Նա տեղեկացրեց, որ շրջակա տարածքում գրեթե բոլոր ավտոտնակները քանդված են, բնակիչներից ոմանց փոխհատուցում է խոստացվել, սակայն ոչինչ չի արվել այդ ուղղությամբ:

«Մեզ ուղղակի փաստի առաջ են կանգնեցրել. ասացին ազատեք տարածքը, հակառակ դեպքում` ինքներս կքանդենք»,- պատմեց նա:

Ա. Չուբարյանի խոսքերով` ինքը վաղուց է դիմել ՀՀ Մշակույթի նախարարություն, ՀՀ կառավարություն` ցանկանալով իրենց տան տարածքում հոր հիշատակին մշակութային կենտրոն հիմնել, որտեղ ցուցադրված կլինեն անվանի քանդակագործի քանդակները, սակայն որևէ արձագանք չի եղել:

Aysor-ի թղթակիցը դիմեց ՀՀ մշակույթի նախարարություն, պարզելու` տեղյա՞կ են, որ վտանգված է անվանի քանդակագործի ավեստանոցը, նախարարության մամուլի վարչության պետ Գայանե Դուրգարյանն ասաց, որ նախարարությունում նման ահազանգ չի եղել, ապա ավելացրեց, որ այդ հարցին գուցե պատասխանի Ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը, սակայն վերջինս խորհրդակցության էր:

Նույն հարցով դիմեցինք նաև ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանին, ով նույնպես նշեց, որ Ոստիկանության Կենտրոնական բաժին որևէ դիմում-բողոք չի եղել, հետևաբար` որևէ միջոցառում ոստիկանությունը չի կարող իրականացնել:
 

Հանրային գերակա շահ. Չուբարյանի արվեստանոցն են քանդում