.jpg)
Մորեխների հարձակում. Այս պահին վտանգ չկա
Aysor-ն արդեն տեղեկացրել էր, որ Միավորված ազգերի կազմակերպության պարենին և գյուղատնտեսական կազմակերպությունն անհանգստացած է Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների վրա մորեխների հնարավոր հարձակման պատճառով։
Ռիսկի գոտում է գտնվում նաև Հայաստանը: ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսական կազմակերպությունը հայտարարել է, որ կօգնի փրկել 25 մլն հա գյուղատնտեսական նշանակության հողեր։
Կազմակերպությունը նաև հայտարարել է, որ միջատների ամպերը կարող են հասնել Աֆղանստանի հյուսիս և Ռուսաստանի հարավ։ Ներկայումս տարածաշրջանում ձվադրում են մորեխների երեք տեսակներ՝ իտալականը, մարոկկականը և չվողը։
Մորեխների հարձակմանը պատրա՞ստ է արդյոք Հայաստանը և ինչպիսի՞ միջոցառումներ է հարկավոր ձեռնարկել այդ դեպքում:
Aysor-ը հարցմանն ի պատասխան ՀՀ գյուղատնտեսության նախարարարի մամլո քարտուղար Քրիստինե Սուքիասյանը տեղեկացրեց, որ երեկ Սերգո Կարապետյանը մասնագետներին հրավիրել է խորհրդակցության և հրահանգել ուշադրության կենտրոնում պահել առավել ռիսկային գոտիները: Նախարարն առաջարկել է նաև մոնիտորինգ իրականացնել: Ինչպես հավաստել են մասնագետները, այս պահին վտանգ չկա:
«Մարզերին թունաքիմիկատներ է տրամադրվել, որ որոշակի վտանգի դեպքում` օգտագործեն»,- հաղորդեց մամլո խոսնակը:
Նշենք, որ մորեխը բազմակեր, գրեթե բոլոր տեսակի ծառերի և մշակաբույսերի համար առավել վտանգավորություն ունեցող վնասատու է, որը զանգվածային բազմացման դեպքում կարող է պատճառել բերքի 70-80 տոկոսի, իսկ անբավարար պայքարի դեպքում` 90-100 տոկոսի կորուստ: Առավել վտանգավոր են հոտային տեսակները, որոնցից Կովկասում և հարևան երկրներում հանդիպում են չվող կամ ասիական, մարոկկական և իտալական մորեխները: Հայաստանում հանդիպում է իտալական տեսակը, որն առավել տարածված է Արագածոտնի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում:
Հանրապետությունում մորեխների վարակվածության և տարածվածության մոնիթորինգ իրականացնող «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տվյալների հիման վրա են որոշվում առավել վնասված տարածքները և իրականացվում քիմիական պայքար: