.jpg)
Հ. Սահակյան. Ես չեմ ուզում ասել, որ երկխոսություն կա
«Իշխանական թևը ներքաղաքական առկա գործընթացները նորմալ է համարում: Ներքաղաքական կյանքի մասին խոսելիս` միշտ տարբեր կողմերից տարբեր բանաձևեր են առաջ քաշվում` երրորդ ուժի ձևավորում, միասնական ցուցակ, կոալիցիայի փլուզում»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներքաղաքական գործընթացների մասին խոսելիս, նման տեսակետ հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակացության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
«Մինչդեռ ասեմ, որ ներքաղաքական դաշտում այսօր ամեն ինչ ընթանում է բնական հունով: Որևէ արտառոց բան չկա: Նույնիսկ արտառոց բան չկա, երբ խոսվում է, որ երրորդ ուժ, չորրորդ ուժ է ձևավորվում»,- մանրամասնեց ԱԺ պատգամավորը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ՀՀԿ երկխոսությանը, ապա Հ. Սահակյանի խոսքերով, եթե ընդդիմության ձևակերպած խնդիրները համընկնում են իշխանությունների գործողությունների հետ, դա չի նշանակում, որ ինչ-որ պայմանավորվածություն կա ընդդիմության և իշխանության միջև: «Մի փոքր վերլուծենք ՀԱԿ-ՀՀԿ ենթադրյալ կամ թվացյալ երկխոսությունը: Եթե լինի առողջ երկխոսություն, ես վատ բան չեմ տեսնում: Ես չեմ ուզում ասել, որ կա այդ երկխոսությունը: Կա ընդհանուր քաղաքական դաշտ, որտեղ արտախորհրդարանական ուժերը ձևակերպել են իրենց մտքերը»,- ընդգծեց իշխող կուսակցության ներկայացուցիչը:
Ասուլիսին ներկա ԱԺ անկախ պատգամավոր Վարդան Խաչատրյան էլ նույն հարցի մասին կարծիք հայտնեց, թե ՀԱԿ-ի վարկանիշի վրա վատ կանդրադառնա ՀԱԿ-ՀՀԿ համագործակցությունը. «Եթե ժողովրդի մեջ կայացավ այն տեսլականը, որ այս ուժը գնալու է իշխանության հետ համագործակցության, ապա դա վատ կանդրադառնա ՀԱԿ-ի համար»,- ասաց նա և ավելացրեց, որ քաղաքական գործընթացներում երրորդ ուժի պահանջ կա:
Ըստ անկախ պատգամավորի` հասարակության մեջ խառնակ իրավիճակ է. «Հայաստանը դուրս չէ համաշխարհային գործընթացներից, և իշխանությունը հասկացել է, որ առանց փոփոխությունների հնարավոր չէ առաջ շարժվել: Ես սա համարում եմ դրական: Բայց երբ խոսում են կոնստրուկտիվ առաջարկներից, ապա հարց է ծագում դրանցից ո՞րն է ընդունվել»: