Կարեն Անդրեասյանը պատասխանեց Aysor-ի հարցերին
24/05/2011 19:22

Կարեն Անդրեասյանը պատասխանեց Aysor-ի հարցերին

«Ոչ թե լուծարվել է խումբը, որը երբևէ գոյություն չի ունեցել, այլ հասարակությանը ներկայացվել է իրական պատկերը, որ 7 տարի ցանկություն է եղել` ունենալ արագ արձագանքման խումբ, տարբեր ձևերով աշխատանք տարվել է, ու հիմա փորձում ենք ունենալ միջոցներ ու հստակ կանոնակարգ»,- «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից կազմակերպված հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով Aysor-ի թղթակցի այն հարցին, թե ի՞նչ է ստեղծվելու արագ արձագանքման խումբը լուծարելուց հետո, այսպես պատասխանեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Նա պարզաբանեց, որ արագ արձագանքման խմբում եղել է ընդամենը մեկ անձ` արագ արձագանքման պատասխանատու, որը «չէր կարողանում տալ շուրջօրյա որակյալ ծառայություն և պրոֆեսիոնալ աշխատանք չէր կարողանում անել»: Ընդ որում, այդ անձը աշխատում էր կամավորության հիմունքներով:

Aysor-ի հաջորդ հարցին, թե փաստաբանների հետ քննարկումից հետո, երբ Փաստաբանների պալատի նախագահն ի գիտություն պաշտպանի տվեց մի քանի դատավորների անուններ` նրանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու նպատակով, պաշտպանի գրասենյակը որևէ գործընթաց սկսե՞լ է, Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ մինչ օրս իրենք ստանում են ուրիշ դատավորների հետ կապված բողոքներ:

«Այսօր էլ ստանում ենք բողոքներ ոչ այն դատավորների մասով, որոնց վերաբերյալ խոսեց Ռուբեն Սահակյանը: Չենք կարող հիմք ընդունել նրա ասածն ու սկսել որոշակի գործընթաց: Եթե կլինեն կոնկերտ առաջարկներ նույն պարոն Սահակյանից`որպես փաստաբան, պատրաստ ենք աշխատել, և, իրականում, հնարավոր է, որ նա ներկայացնի կոնկերտ դատավորների հետ կապված կոնկրետ գործեր»,- ասաց Կ. Անդրեասյանը:

Օմբուդսմենը պատասխանեց նաև Aysor-ի թղթկցի այն հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել պաշտպանը` որպես միջնորդ, եթե համաներման արդյունքում ազատ արձակվեն Մարտի 1-ի գործով ձերբակալվածները և սկսվի ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը:

«Իմ միջամտությունը քաղաքական գործընթացներին ինքնանպատակ չէ: Եթե մարդու իրավունքներն այդ գործընթացում լիարժեք պաշտպանված են, ես այնտեղ անելիք չունեմ, ես ունեմ իմ իրավական մեխանիզմները, որոնցով պաշտպանում եմ մարդկանց իրավունքները: Ես քաղաքական միջամտությունն առաջարկել եմ մեկ պատճառով, քանի որ իրավական մեխանիզմները սպառված էին, և թվում է, թե կարիք կա քաղաքական երկխոսություն ձևավորելու, որ խախտված իրավունքները պաշտպանվեն, այլ ոչ թե լինի քաղաքական գործընթաց: Եթե պարզվի, որ մեր միջամտության կարիքը չկա, ես չեմ միջամտի»,- եզրափակեց նա:
 

Կարեն Անդրեասյանը պատասխանեց Aysor-ի հարցերին