Առաջարկությունների փաթեթը  ՄԻՊ-ը կներկայացնի ԱԺ
24/05/2011 18:54

Առաջարկությունների փաթեթը ՄԻՊ-ը կներկայացնի ԱԺ

Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պատասխանեց «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանի հարցին, թե ի՞նչ է սպասում պաշտպանը ՄԻՊ գրասենյակի ղեկավարությամբ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում նախատեսված փոփոխություններից, «եթե հաճախականություններն արդեն բաժանված են` ում պետք է»: Ա. Աբրահամյանին հետաքրքրում էր նաև պաշտպանի կարծիքը Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ:

Առաջին հարցին պատասխանելով` պաշտպան Կարեն Անդրեասյանն ասաց, որ օրենքն առաջարկում է նոր հեռուստաընկերություններին իրականություն դարձնել մուլտիպլեքսների գոյության ապահովումը, ինչը օրենսդրական փոփոխության հիմնական դրույթներից մեկն է:

«Օրենքը ինտերնետի համար որևէ կարգավորում չպետք է նախատեսի, ու այս շաբաթ աշխատանքային խումբը կունենա վերջին հանդիպումը և առաջարկների փաթեթը կներկայացվի Ազային ժողով»,- ասաց Կ. Անդրեասյանը` հույս հայտնելով, որ օրենքի փոփոխությունները իրականություն կդառնան մոտ ապագայում, ավելի հստակ` մեկ տարվա ընթացքում:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին` օմբուդսմենն ասաց, որ Ընտրական օրենսգիրքը, որ դեռևս վերջնականապես չի ընդունվել, արդեն նախատեսում է որոշակի ակտիվ մասնակցություն:

«ՄԻՊ-ը, ըստ նախագծի, հնարավորություն է ունենալու 3 թեկնածու առաջարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Նախկին տարբերակում դա անորոշ էր շարադրված, մենք դիտողություն արեցինք ու ընդունվեց: Նախկինում խոսքը գնում էր 5 ներկայացուցչի մասին, մենք առաջարկեցինք 3, ու 3-ն էլ ընդունվեց, սա արդեն պատասխանում է որոշ հարցերի»,- պարզաբանեց Կ. Անդրեասյանը:
 

Առաջարկությունների փաթեթը ՄԻՊ-ը կներկայացնի ԱԺ