24/05/2011 10:00
Թուրքական «անհեթեթ» «էլիտար հարցման» հետքերով
6 ժամ, 47 հեռախոսազանգ տարբեր կազմակերպություններ ու փորձագետների, և այս ամենը պարզելու` թուրքական մի «էլիտար հարցման» իմաստն ու գոյությունն ընդհանրապես:
Թուրքական «Today’s Zaman» պարբերականը հրապարակել էր «Թուրքիայի հարևանները» ծրագրի շրջանակում անցկացված «էլիտար հարցման» տվյալները, որոնք ըստ թերթի, ձեռք են բերվել ձեռնարկատերերից, լրագրողներից, գիտնականներից և շրջանավարտներից (Aysor-ը հրապարակումը ներկայացրել էր թարգմանաբար):
Հարցումը ցույց է տվել, թե Հայաստանի 73 տոկոսն ընդհանուր առմամբ դրական վերաբերմունք է ցուցաբերել Թուրքիայի հնարավոր ժողովրդավարացմանը. ինչ վերաբերում է Թուրքիայի տնտեսական զարգացումներին, ապա Հայաստանի 46 տոկոսը Թուրքիայի` գնալով ընդլայնվող առևտուրն ու տնտեսական ազդեցությունը իրենց երկրների տնտեսական զարգացման համար լավ հնարավորություն են համարում: Եվ վերջում, Հայաստանի բնակչության 90%-ը գտնում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականություն վարելու մեջ նկատվում են որոշակի փոփոխություններ:
Ի՞նչ է սա, ինչի՞ մասին են խոսում հրապարակված տվյալները և ո՞ւմ հետ համատեղ են դրանք իրականացվել, քանի որ պարզ է` թուրքական որևէ կազմակերպություն ինքն իրեն առանց հայկական կողմի հետ համագործակցության նման հարցում չէր կարող անցկացնել Հայաստանում: Մեր երկրում հայ-թուրքական հարաբերություններով զբաղվող, թուրքերի հետ համատեղ հարցումներ իրականացնող կազմակերպություններից հիմնականներն են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնները (CRRC), Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (IPSC), Կովկասյան ինստիտուտը և Եվրասիա համագործակցություն-Հայաստան տարածաշրջանային գրասենյակը: Նշված կազմակերպությունները վերջին ամսում թուրքական կողմի հետ անցկացրել են հարցումներ, սակայն դրանք որևէ կապ չեն ունեցել «Թուրքիայի հարևաններ» ծրագրի հետ, առավել ևս հարցումները տոկոսային նման բարձունքներ չեն արձանագրել:
Եվրասիա համագործակցություն-Հայաստան տարածաշրջանային գրասենյակի փոխտնօրեն Վազգեն Կարապետյանը նշեց, որ իրենք համագործակցում են թուրքական TABDC` Թուրք-հայկական բիզնեսի զարգացման խորհուրդի հետ, և մայիսի 18-ին ամփոփվել են հայ և թուրք գործարարների միջև անցկացված բիզնեսի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցման արդյունքները: Այդ թվերը Վ. Կարապետյանի խոսքով, այդքան մեծածավալ չեն, ինչպես ներկայացված է վերը նշված հարցման մեջ:
Թուրքագետ Արտակ Շաքարյանն Aysor-ի հետ զրույցում նշեց, որ սովորաբար նման հարցումները եթե հայկական կողմի հետ համագործակցությամբ չեն իրականացվում, ուրեմն` պատվիրվում են արևմտյան մի քանի կազմակերպությունների, որպեսզի նրանք իրականացնեն, և «հնարավոր է Թուրքիայի մասին հարցը համադրվել է մի քանի այլ երկրների հետ տրվող հարցերին, և պատասխանողը չի կողմնորոշվել, որ թիրախը հենց Թուրքիան է եղել»:
Երևանի մամուլի ակումբի ներկայացուցիչ Հայկակ Արշամյանը, ով օրերս հայ և թուրք լրագրողների միջև հանդիպման շրջանակում լրագրողների հետ շրջել է Թուրքիայում և Հայաստանում, նշեց, որ «Հայ-թուրքական հարաբերությունների բարելավում» ծրագրի շրջանակում իրականացվել է մի հետազոտություն, որին մասնակցել է Հայաստանի Արդյունաբերողների միությունը, Եվրասիա համագործակցություն-Հայաստան գրասենյակը, սակայն «դա եղել է գործարարների միջև, իսկ լրագրողների շրջանում նման հարցում չի եղել»:
«Համենայն դեպս ես և Երևանի մամուլի ազգային ակումբը, որը պետք է որ տեղեկացվեր նման հարցման մասին, նման որևէ բանից տեղյակ չենք»,- ասաց Հ. Արշամյանը:
Հարցումը, որին ոչ ոք տեղյակ չէ, ըստ թուրքական պարբերականի, իրականացրել է Ստամբուլի Ֆաթիհ համալսարանը: Նյութի պատրաստման համար բազմաթիվ, իսկ մասնավորապես, 38-րդ հարցազրույցի արդյունքում պարզ դարձավ, որ Ֆաթիհ համալսարանից մի դասախոս վերջին ամիսներին կապ է հաստատել «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ` առաջարկելով համատեղ հարցում իրականացնել:
«Ես ասացի` այո, բայց հարցերին մենք էլ պետք է ծանոթանանք, համատեղ պետք է դիտարկենք հարցաշարը: Երևի այդ պատասխանը նրանց դուր չեկավ, քանի որ ցանկանում էին իրենց հարցաշարով անել, և գնացին»,- ասաց Ա. Ադիբեկյանը` հավելելով, որ այլևս այդ մասին չի լսել ու տեղյակ չէ, թե ո՞ւմ հետ կամ ինչպե՞ս են անցկացվել այդ հարցումները:
Մի բան, սակայն, սոցիոլոգի համար պարզ է. «Նրանք չեն հարցնում` լա՞վ է, թե՞ վատ հարաբերություն ունենալը. դա բավական խորամանկ հարցում է: Հարցումն իմաստ ունի, եթե գիտես իմաստը որն է, եթե ասեն ինչպե՞ս եք վերաբերվում Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, պատասխանը դրական չի լինի, իսկ երբ ասում են նկատո՞ւմ եք փոփոխություն քաղաքականության մեջ, պարզ է, որ կասեն այո»:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Կարեն Վրթանեսյանի խոսքով, մինչ որևէ սոցհարցման արդյունքներն ընդունելը անհրաժեշտ է ծանոթանալ մեթոդաբանությանը, կազմված հարցերին, ստացված տվյալներին, հասկանալ, թե ի՞նչ սկզբունքով է ընտրանքն արվել։ Հակառակ դեպքում, ըստ մասնագետի, որևէ երաշխիք չկա, որ այդ սոցհարցումն իսկապես արտացոլում է հասարակության այս կամ այն խմբի իրական կարծիքները, դրանց «կշիռը»։
«Ընդհանրապես, շատ հաճախ սոցհարցումներն օգտագործվում են որպես քարոզչության գործիք։ Լուրջ հետազոտողները սովորաբար պարզաբանում են իրենց զեկույցներում և´ մեթոդաբանությունը, և´ մնացած բոլոր հարցերը, երբեմն նույնիսկ տրամադրում են ստացված հում տվյալները, որպեսզի իրենց գործընկերները կարողանան ինքնուրույն ստուգել սոցհարցման կոռեկտ լինելը»,- նշեց Կ. Վրթանեսյանը:
Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Բագրատ Հարությունյանի համար էլ այս հարցումն ընդհանրապես «անհեթեթություն» է, քանի որ հաշվի չեն առնվել սոցհարցման կարևոր մի քանի սկզբունքներ: Նախ, սոցիոլոգի պարզաբանմամբ, եթե այդ ծրագիրը կոչվում է «Թուրքիայի հարևաններ», ապա ո՞ւր մնացին Թուրքիայի այլ հարևանները, ինչո՞ւ չկա Ադրբեջանը. «Եթե Ադրբեջանը համարում է, որ Նախիջևանն իրենն է, ուրեմն` այդ մասով Ադրբեջանն ու Թուրքիան հարևաններ են, փաստորեն Թուրքիան խոստովանում է, որ Նախիջևանը Ադրբեջանինը չէ, և Ադրբեջանին չի ընդգրկում «Թուրքիայի հարևաններ» ծրագրի մեջ»:
Ինչ վերաբերում է «Էլիտար կոչված» հարցման տարատեսակին, ապա այն «ամենազավեշտալին է»: Բագրատ Հարությունյանը նշեց, որ հարցումը գոնե պետք է փորձագիտական կոչվեր, սակայն դա էլ միանշանակ չէ, քանի որ սկիզբում նշվում է, որ հարցմանը մասնակցվել են լրագրողներ, գիտնականներ, ձեռնարկատերեր, իսկ հետո «այդ ամենը մոռացվում է»:
«Հարցման մյուս բոլոր հատվածներում բերված տոկոսային թվերի առջև միայն գրվում է հայերի, իրանցիների մասին ընդհահրապես, այսինքն` հանվել է փորձագետ բառը` ինֆորմացիան տարածելով ողջ հայ ազգի վրա: Բացի այդ, հարցման մեջ չի երևում հարցման օրը, որովհետև եթե ապրիլի 23-ին լիներ այն, ուրիշ կերպ կլինեին կարծիքները, ուրիշ օր այլ կարծիքներ կլինեին, կասկածելի է նաև այն, որ նշված չէ, թե քանի՞ հոգի են մասնակցել հարցմանը»,- եզրափակեց սոցիոլոգը` կրկնելով, որ նման «անհեթեթ» հարցումները ոչ մի նպատակի չեն կարող ծառայել:
Այս «էլիտար հարցման» իմաստի առումով միայն մեկ ենթադրություն է մնում. թուրքական «Today’s Zaman» պարբերականում գրված հայ բնակչության 73 և 90 տոկոսները նպատակ ունեն ցույց տալ, իբր «հայ ժողովուրդը թուրք ժողովրդի հետ խնդիր չունի. այդ իշխանություններն են, որ խանգարում են…»։