26/05/2011 14:54
Միգրացիա. մուտք` 350 147, ելք` 370 527
2011թ.-ի ապրիլի մեկի դրությամբ ՀՀ բնակչության թվաքանակը կազմել է 3 մլն 264 600 մարդ, բնակչության թվաքանակի հաշվարկի վրա կիրառվում է նաև պաշտոնապես կիրառված միգրացիոն թիվը, այդ ցուցանիշում ևս անկում է արձանագրվել, սակայն բացասական մնացորդով: Ասել է, թե մինուս 458 մարդ է կազմել միգրացիայի բացասական աճը: Այսինքն` առաջին եռամսյակում հաշվառումից ավելի շատ հանվել, քան հաշվառվել են:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս տվյալները ներկայացրեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նա նշեց, որ միգրացիոն ցուցանիշով վիճակագրությունը ներկայացնում է միայն պաշտոնապես հաշվառված միգրացիան, սակայն կան բազմաթիվ այլընտրանքային մեխանիզմներ ևս, որոնցով մարդիկ դուրս են գնում և պաշտոնապես հաշվառումից դուրս չեն գալիս:
«Այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում ուղևորափոխադրումները կազմել են մինուս 20 հազար այն դեպքում, երբ 2010-ի ամբողջ տարվա ընթացքում այդ թիվը եղել է մինուս 29 հազար: Դա նշանակում է, որ մեկնումները 20 հազարով ավելի են եղել, քան ժամանումները»,- ասաց Կ. Կույումջյանը:
Մինուս 20 հազար թիվը ուղևորություն է, ոչ թե մարդ, քանի որ նույն մարդը կարող է մի քանի ուղևորություն կատարել: Թվային տվյալներով առաջին եռամսյակում ուղևորությունների մուտքերը կազմել են 350 147, ելքերը` 370 527:
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը նշեց, որ մարդիկ իրենց տեղաշարժերը չեն գրանցում, մինուս 458-ն էլ գրանցել է միայն այն պատճառով, որ հնարավոր չի եղել չգրանցել: «Կարևոր ցուցանիշն այն է, որ դրսում մնացածների թիվը մեծանում է, կարող է չգնան էլ մեր երկրից, սակայն չվերադառնան էլ: Այդ մինուս 20 հազար ուղևորափոխադրումները հիմնականում սեզոնային աշխատողներն են, ովքեր օրերի տաքացման հետ գնում են իրենց աշխատանքի վայր»,- ասաց Ռ. Եգանյանը` հավելելով, որ մեր պաշտոնատար անձանց մոտ էլ «միգրացիայի հանդեպ հետաքրքրությունը սեզոնային է` մեկ մոռանում են, մեկ էլ ամբողջ օրն այդ մասին են խոսում»:
Ըստ Եգանյանի, թվերն իրենք իրենց այնքան ծանրակշիռ ու հետևանքներով հղի են, որ արդեն անհանգստանալու առիթ են տալիս: Այսպես, անցած տարի 30 հազար մարդ է գնացել մեր երկրից, այսինքն` 100-ից մեկը գնցել ու չի վերադարձել, այժմ դրանից ավելի է, ուրմեն` ժողովրդագրի խոսքով, վիճակն էլ ավելի վատ է:
«Դա խորհելու հիմքեր է տալիս: Միգրացիայի հիմնական պատճառն աշխատաշուկայի բացակայությունն է, եղած աշխատատեղերն էլ չեն ապահովում ապրելու համար բավարար միջոցներ»,- ներկայացրեց Ռուբեն Եգանյանը:
Վերջում ժողովրդագիրը նշեց, որ արտագաղթի կայունություն նկատվեց 1997-ից սկսած, սակայն վերջին տարիներին արտագաղթը կրկին ավելացավ, ու կայունությունը խաթարվեց: