.jpg)
Ադրբեջանում քննարկում են «գազային օպեկին» միանալու հարցը
Հունիսի 7-ին Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) քարտուղար Լեոնիդ Բոխանովսկու և Ադրբեջանի արդյունաբերության և էներգետիկայի նախարար Հատիկ Ալիևի հանդիպման ժամանակ, ադրբեջանցի նախարարը հույս հայտնեց, որ Ադրբեջանը շուտով կքննարկի GECF-ին միանալու հարցը, որը կլինի փուլային ճանապարհով և սկզբնական փուլում Ադրբեջանը կանդամակցի դիտորդի կարգավիճակով: Թե ինչու Ադրբեջանը հանկարծ հետաքրքրություն ցուցաբերեց Գազ արտահանող երկրների ֆորումի կամ ինչպես ասում են «Գազային ՕՊԵԿ»-ի նկատմամբ, թեև մինչև վերջերս մերժում էր այդ գաղափարը, բացատրվում է վերջերս Նաբուկոյի, AGRI նախագծի և Հարավային Հոսքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով: Նշենք, որ GECF իրենից ներկայացնում է ավելի շուտ խորհրդակցան կառույց (հիմնադրվել է 2001թ.-ին Իրանում), որի անդամ երկրները տիրապետում են բնական գազի համաշխարհային հաստատված պաշարների մոտ 70%-ը, դեռևս չունի ամենակաևոր ֆունկցիան` գազի գների վերահսկողությունր: Իրանը, Կատարը, Վենեսուելան և Ռուսաստանը նախատեսում են այդ կազմակերպությունը հեռանկարում դարձնելու լուրջ գեոտնտեսական կառույցի (մոտավորապես նավթային ՕՊԵԿ-ին համարժեք): Եթե նայենք, GECF անդամ երկրների ցանկը, տեսնում ենք, որ դրանց մեծ մասը արևմտյան հսկողությունից դուրս գտնվող երկրներն են, բացառությամբ դիտորդ երկրների: Անդամ երկրներից են` Ալժիրը, Բոլիվիան, Եգիպտոսը, Հասարակածային Գվինեան, Իրանը, Լիբիան, Նիգերիան, Կատարը, Ռուսաստանը, Տրինիդադ և Տոբակոն, Վենեսուելան, իսկ դիտորդ երկրների կարգավիճակ ունեն` Նորվեգիան, Նիդեռլանդները, Ղազախստանը: Չնայած ԱՄՆ-ի և Եվրամիության ըննդիմությանը ևս մի նոր հզոր ՕՊԵԿ-ի ձևավորմանը, համաշխարհային վառելիքաէներգետիկ շուկայում իրադարձությունների որոշակի գործընթացների դեպքում իսկապես գազային ՕՊԵԿ-ի կայացումը և հզորացումը չի բացառվում:
Այսօր Ադրբեջանի համար ավելի ու ավելի կարևոր է դառնում գազային քաղաքականությանը, որը երկրորդ պլան է մղում նավթային քաղաքականությանը: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի նպատակներից է ոչ միայն նավթի և գազի վաճառքը, այլ նաև իր էներգակիրների սպառվելուն զուգընթաց աստիճանաբար կասպիական ածխաջրածինների առաքման համար տրանզիտային նոր ցանցային համակարգերի ձևավորումը, «նավթագազաարտահանման մոդել» ունեցող երկրից անցումը դեպի «նավթագազատրանզիտային մոդել» ունեցող երկրի: Արդյունքում, սեփական նավթի և գազի ռեսուրսների սպառվելու զուգընթաց, իր տարածքով ղազախական, ուզբեկական և թուրքմենական էներգակիրների տրանզիտից մեծ եկամուտներ ստանալու լրացուցիչ աղբյուրների ապահովումը: Այսօր, ադրբեջանական նավթը և գազը ավելի շատ հետաքրքրություն է ներկայացնում ոչ այնքան իր մնացորդային կամ կանխատեսումային պաշարների համար, որքան լավ ձևավորված և գործող էներգատրանզիտային համակարգի համար:
GECF-ին միանալու Ադրբեջանի այս զգույշ, ինչ որ առումով նաև անորոշ հայտարարությունը պատասխան է Նաբուկոյի կազմկոմիտեի այն զգուշացումներին, թե Ադրբեջանը պետք է արագ կողմնորոշվի Նաբուկոյի հարցում և տա հստակ պատասխան: Ադրբեջանում հասկանում են, որ ներկայումս GECF -ին միանալը ոչ մի նոր բան չի տալու, այլ ընդհակառակը կառաջացնի Արևմուտքի և ԱՄՆ-ի դժգոհությունը: Թվում է, թե Ադրբեջանը կանգնած է բարդ այլընտրանքի առջև` Նաբուկո, թե՞ AGRI, Նաբուկո թե՞ Հարավային Հոսք: Այս բարդ իրավիճակում, սակայն Ադրբեջանը ունի իր հստակ դիրքորոշումը Ադրբեջանը շահագրգռված է թե Նաբուկոյի (միաժամանակ Տրանսկասպյան գազամուղի), ինչպես նաև Նաբուկոյի համեմատ մասշտաբներով ավելի փոքր Սպիտակ հոսք և AGRI նախագծերի իրականացմամբ: Միաժամանակ դեմ չէ Հարավային Հոսքին ադրբեջանական գազ տրամադրելու հարցում:
Ադրբեջանը մեծ ցանկություն ունի միանալու Նաբուկոյին և վերջիվերջո կտա իր վերջնական համաձայնությունը: Նմանատիպ հայտարարություննեով, արհեստական ձգձգումով, փորձում է մի կողմից Ռուսաստանի աչքին հաճո երևալ, իսկ մյուս կողմից նաև նաև Եվրոպային ցույց տալ, որ ինքը ունի այլընտրանքներ, դրանով տնտեսական և քաղաքական բնույթի զիջումներ կորզելով Եվրոպայից: Զուգահեռաբար, Ադրբեջանը փորձում է բոլորին համոզել, որ իր գազի ռեսուրսները հսկայական են, դրանց այլընտրանք չկա, և բոլոր ուղիների համար բավականաչափ գազի պաշարներ ունի:
Այսինքն, զգուշորեն պարանի երկայնքով մեկ քայլ այս կողմ, մեկ քայլ այն կողմ թռչկոտելու սկզբունքով, օգտվելով կողմերի հակասություններից, փորձում է վերը նշված նախագծերի հետևողական իրականացումը, բոլոր կողմից առավելագույն դիվիդենտներ կորզելու ակնկալիքով: