.jpg)
Հանդիպեցին Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները
Այսօր աշխատանքային այցելությամբ Վրաստան ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկերոջ՝ Գրիգոլ Վաշաձեի հետ:
«Մեր երկրների միջև հարաբերությունները անկախության վերականգնումից ի վեր այսքան ակտիվ և օրինակելի չեն եղել»,- ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` ասաց Գրիգոլ Վաշաձեն:
Նախարարներ Նալբանդյանն ու Վաշաձեն գոհունակություն հայտնեցին հաստատված պարբերական շփումների կապակցությամբ, ինչը հնարավորություն է ընձեռում հետևելու երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մշակել հարաբերությունների զարգացմանն ուղղված նոր ծրագրեր, մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի և միջազգային հարաբերությունների խնդիրների շուրջ:
Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին այս տարվա առաջին կեսին բարձրագույն և բարձր մակարդակով կայացած փոխայցելությունները՝ ընգծելով այդ դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը:
Նախարարներն անդրադարձան նաև Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների ակտիվացման անհրաժեշտությանը: Այս առումով պայմանավորվածություն ձեռք բերվեց հերթական խորհրդատվություններն անցկացնել 2011 թ.-ի սեպտեմբերին: Հայկական կողմի առաջարկով համաձայնություն ձեռք բերվեց անցկացնել նաև հյուպատոսական հարցերով խորհրդատվություններ:
Բանակցությունների օրակարգում էին նաև վիրահայությանը հուզող խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգոլ Վաշաձեն քննարկեցին իրավապայմայմանագրային դաշտի կատարալեգործման, միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության, սահմանային անցակետերում իրականացվող ընթացակարգերի պարզեցման, տրանսպորտային փոխադրումների հեշտացման, էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցեր, հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացի խնդիրներ:
Նախարար Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` մասնավորապես Կազանում կայացած գագաթաժողովի արդյունքները:
Օրվա երկրորդ կեսին Վրաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց հայ-վրացական հարաբերությունների ներկայիս ընթացքը, Վրաստանի իր գործընկերոջ հետ ունեցած հանդիպման արդյունքները, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրները և զարգացումները:
Նույն օրը ավարտելով այցելությունը Թբիլիսի, նախարար Նալբանդյանը վերադարձավ Երևան: