.jpg)
Հնագիտական ժառանգության պահպանման խնդիրները
Վերջին 30 տարիների ընթացքում մշակութային ժառանգությունը, որի հենասյուներից է հնագիտությունը, կանգնում է բարդ խնդիրների առջև` այս դաշտում հայտնված նոր միջամտողների պատճառով. խնդիրներն այլևս չեն սահմանափակվում շենքերով ու շինություններով, խոսքը վերաբերում է նաև շրջակա միջավայրին ու լանդշաֆտին: Քանի որ հնագիտական գործողությունները նախ և առաջ ենթադրում են ավերում, ուստի այդ ժառանգության վերաբերյալ որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնվեն թե’ ներկա և թե’ ապագա սերունդների կարիքները, պետք է կարողանալ ճիշտ գնահատել սպասվող արդյունքները:
Այս համատեքստում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և այս օրերին հնավայրում պեղումներ իրականացնող ֆրանսիական արշավախմբի նախաձեռնությամբ հունիսի 28-29-ին թանգարանի ժամանակավոր ցուցահանդեսների սրահում տեղի են ունեցել դասախոսություններ` նվիրված հնագիտական ժառանգության արդի խնդիրներին Ֆրանսիայում: Դասախոսություններով հանդես են եկել Ստեֆան Դեշամպը (Բրետան) և Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենը (Ներքին Նորմանդիա): Այս մասին հայտնում է թանգարանի մամուլի և հասարակայնության կենտրոնից:
Դասախոսությանն անդրադարձ է կատարվել 1992թ. Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված «Հնագիտական ժառանգության պաշտպանության մասին» Վալետտայի կոնվենցիային, որին 2005 թ-ին անդամակցում է նաև Հայաստանը:
Խոսելով հնագիտական ժառանգությանը սպառնացող վտանգների մասին ֆրանսիացի հնագետները ներկայացրել են ժամանակակից «կանխարգելիչ» կամ «նախազգուշական» հնագիտություն սկզբունքը, որի նպատակն է մինչև պեղումներ ձեռնարկելը և կառուցապատման նախագծերի իրականացումը խուսափել ավերումից: Ս. Դեշամպը մասնավորապես նշել է հասարակական գիտակցության դերը` հնագիտական ժառանգության պահպանության գործում` ավելացնելով, որ շատ դեպքերում առավել արդյունավետ աշխատում է հենց հասարակական կարծիքը` ի հակակշիռ օրենսդրական ընթացակարգերի:
Ներքին Նորմանդիայի հնագիտական ծառայության ղեկավար Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենն էլ շեշտել է, որ հասարակության համար այցելելի հայտարարված հնավայրը, սակայն, երբեք չպետք է մատչելիության պատճառով ենթարկվի վտանգների:
Նշվում է, որ դասախոսություններին մասնակցել են նաև երիտասարդ հնագետներ և պատմամշակութային ժառանգության բնագավառում մասնագիտացող բուհերի ուսանողներ: