.jpg)
Հանձնարարել է մաքրել բնակիչների կողմից հողազավթած տարածքները
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում`ծանոթանալով այդ վարչական շրջանում իրականացվող աշխատանքների ընթացքին, նախատեսվող ծրագրերին ու խնդիրներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ առաջին խնդիրը, որ առաջադրվել է Կարեն Կարապետյանի կողմից, փողոցներին հարակից սիզամարգերի ու մայրուղիների միջանկյալ հատվածների կանաչ տարածքների խնամքը պատշաճ կազմակերպելն էր:
Քաղաքապետը հանձնարարել է բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներ իրականացնել նաև «Հաղթանակ» զբոսայգու մուտքին հարող հատվածում:
Շրջայցի ընթացքում Կարեն Կարապետյանը ծանոթացել է նաև բակերում իրականացվող բարեկարգման ու խաղահրապարակների տեղադրման աշխատանքների ընթացքին:
Որոշ բակային տարածքներում քաղաքապետը հանձնարարել է մաքրել բնակիչների կողմից ապօրինի հողազավթած տարածքներն ու փոխարենը բնակիչների համար հանգստի հարմարավետ գոտիներ ստեղծել:
Վարչական շրջանի ղեկավարը տեղեկացրել է որ գործընթացն արդեն սկսված է:
Քաղաքապետը հանձնարարել է առավել մեծ ուշադրություն դարձնել «Մինաս Ավետիսյանի» անվան այգու խնամքին ու ընթացիկ սպասարկմանը:
Կարեն Կարապետյանն այսելել է նաև «Դավիթ Անհաղթի» անվան պուրակում, որի սպասարկումը մասնավոր ընկերություն է իրականացնում ու որտեղ ապահովված են պարտադիր բարեկարգման նորմերն ու պայմանագրային պարտավորությունները:
Շրջայցից հետո քաղաքապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ:
Անդրադառնալով աղբահանության կազմակերպման խնդիրներին` քաղաքապետը հանձնարարել է շարունակել պայմանագրային դաշտի կարգավորումը և ապահովել հավաքագրումների ցուցանիշը: Կարեն Կարապետյանն առաջարկել է գոյացած տնտեսումների հաշվին աղբահանության մեքենաների վրա տեղադրել GPS համակարգ, որպեսզի համաժամանակյա ռեժիմի միջոցով աղբահանության կազմակերպման ողջ գործընթացն առավել վերահսկելի և արդյունավետ լինի:
Վարձակալությամբ տրված տարածքների և ապօրինի ու չգործող կրպակների ապամոնտաժման մասով ևս քաղաքապետը մի շարք հանձնարարականներ է տվել: