.jpg)
Պաշտպանության նախարարն այցելել է Եռաբլուր
ՀՀ պաշտպանության նախարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը` պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվա կապակցությամբ այսօր այցելել է Եռաբլուր պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողի առաջ:
Պաշտպանության նախարարը, անհայտ կորած ազատամարտիկների հարազատները, մարտական ընկերներն այնուհետ մասնակցել են Երևանի Կամերային երաժշտության տանը կազմակերպված հուշ-ցերեկույթին:
Դիմելով դահլիճում ներկա անհայտ կորածների հարազատներին` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Չկա որևէ ողջամիտ մարդ, ով պատերազմը կնախընտրի խաղաղությունից: Սակայն յուրաքարչյուր ժողովրդի համար լինում են պահեր, երբ պատերազմը պարտադրված և վճռական է դառնում, երբ պատերազմի միջոցով հնարավոր է լինում ապահովել ժողովրդի ազատությունը և հետագա զարգացումը: Այս առումով արցախյան գոյապայքարը մեզ համար այն սրբագույն պայքարն է, որով մենք կարողացանք պահպանել մեր ժողովրդի արժանապատվությունը: Ցավոք, պատերազմում ունեցել ենք նաև անդառնալի կորուստներ: Փառք ու պատիվ բոլոր ազատամարտիներին, ովքեր իրենց կյանքը զոհել են մեր այսօրվա խաղաղ արարման համար: Մարտական գործողությունների ժամանակ, ցավոք, եղել են նաև անհայտ կորածներ, որոնց ճակատագրերը մինչ այսօր մնում են անհայտության մեջ: Քաջ գիտակցում եմ այն ծանր դրությունը, որում դուք այսօր ապրում եք. ամեն հեռախոսազանգ կամ դռան զանգ ձեր մեջ արթնացնում է ձեր հարազատի սպասումը: Վստահեցնում են, որ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը միջազգային կազմակերպությունների միջոցով հետևողական աշխատանք է տանում, որպեսզի անհայտ կորածների ճակատագրերը պարզորոշ դառնան և հնարավոր լինի ապահովել նրանց վերադարձը հայրենիք»:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ`անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվա կապակցությամբ միջոցառումներ են կազմակերպվել նաև ՀՀ մարզերում: