.jpg)
Ուսումնարաններում դասավանդողների հաստիքները պահպանվելու են
Միջին մասնագիտական հաստատություններում մասնագետների կրճատումներ չկան ու չեն լինելու, իսկ բնակիչների շրջանում անհանգստությունների պատճառը միգուցե այն է, որ այս տարի բարձրագույն կրթական հաստատություններ դիմող քիչ երիտասարդներ կան, քանի որ այժմ դպրոցներում սովորում են 12 տարի:
Aysor-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը:
Վարչության պետի պնդմամբ` ԿԳ նախարարության քաղաքականությունն այնպիսին է, որ «պետք է հնարավորինս զերծ մնալ կրճատումներից, քանի որ այս տարի առաջին անգամ ավագ դպրոց հաճախող դպրոցականներ են լինելու, ու այդ բացը լրացվելու է ուսումնարան հաճախած դրպոցական աշակերտների հաշվին»:
Ուսումնարաններում դասավանդողների հաստիքները, ըստ Ռ. Աբրահամյանի պահպանվելու են, աշխատավարձերն էլ դժվար թե կրճատվեն աշակերտների թվի պակասի պատճառով, սակայն չի բացառվում, որ «մեկ-երկու մասնավոր դեպքեր լինեն, բայց դա բոլորին չի վերաբերում»:
Նշենք, որ միջին մասնագիտական ուսումնական հաստատութուններ 9-րդ դասարանի շրջանավարտների ընդունելությունը սկսվել է հունիսի 13-ից ու կավարտվի օգոստոսի վերջին: Թե ներկա դրությամբ քանի՞ շրջանավարտ է ավագ դպրոցի փոխարեն դիմել միջին մասնագիտական ուսումնական հաստատութուններ, չհաջողվեց ճշտել. վարչության պետն ասաց, որ թիվը պարզ կլինի միայն ընդունելության ավարտից հետո:
Հայաստանում 77 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և 28 նախնական արհեստագործական ուսումնարան կա: