Ոստիկանության ակադեմիայում ընդունելությունը կսկսվի հուլիսի 14-ից
04/07/2011 17:16

Ոստիկանության ակադեմիայում ընդունելությունը կսկսվի հուլիսի 14-ից

Այս տարի ՀՀ ոստիկանության ակադեմիայում «Իրավաբանական» և «Ոստիկանության զորքերի հրամանատարական» ֆակուլտետներում բակալավրիատի կրթական ծրագրով առկա ուսուցման համար հատկացվել է անվճար 55 տեղ, որից 5-ը նպատակային` ԼՂՀ-ի համար: Իգական սեռի դիմորդներին հատկացվել է ընդամենը 8 տեղ:

Այս մասին Aysor-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետի տեղակալ Արմեն Ղազարյանը:

Նրա խոսքերով` աղջիկների համար հատկացված տեղերի թիվն այս տարի կրճատվել է, որովհետև համամասնորեն կրճատվել է ընդունվողների թիվը: Անվճար տեղերի կրճատման պակասի պատճառ է նաև այն, որ «ոստիկանությունում աղջիկների ադքան մեծ քանակի կարիք չի զգացվում, ու ուժային կառույցներում որոշակի սահմանափակում կա»:

Ա. Ղազարյանը տեղեկացրեց նաև, որ Ոստիկանական ակադեմիա ընդունվողի համար չի փոխվել նաև պարտականությունների շրջանակը. պետպատվերի շրջանակներում սովորող ուսանողը «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածով պարտավոր է փոխհատուցել ուսման համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը, մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ուսումնական հաստատությունից, կարգապահական խախտում կատարելու համար կամ անձնական նախաձեռնությամբ է ազատվել ուսումնական հաստատությունից:

Ուսման կիսամյակային վարձավճարը կազմում է 250 հազար դրամ: Փոխհատուցումն, ըստ Ա. Ղազարյանի, լինում է օրը 0,9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:

Ուսման վճարը ակադեմիայի արդեն շրջանավարտը չի փոխհատուցում միայն այն դեպքում, եթե ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան 5 տարի, ոստիկանությունից ազատվել է հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմավորման դեպքում, հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:

Հեռակա ուսուցման համար այս տարի ակադեմիային հատկացվել է 30 տեղ` շարքային կրտսեր կազմից և 20 տեղ սպայական կազմից բարձրագույն կրթություն ստացած, երկրորդ մասնագիտության համար դիմած անձանց:

Նշենք, որ տղաները միայն զորացրվելուց հետո կարող են դիմել ակադեմիա ընդունվելու կամ եթե ոստիկանության աշխատակից են ու բարձրագույն կրթություն են ուզում ստանալ:

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են հուլիսի 14-ից մինչև օգոստոսի 9-ը ներառյալ, հետևաբար` դեռևս պարզ չէ դիմորդների քնակը:
 

Ոստիկանության ակադեմիայում ընդունելությունը կսկսվի հուլիսի 14-ից