Ովքե՞ր և ինչպե՞ս են կազմակերպում պետական միջոցառումները
04/07/2011 15:09

Ովքե՞ր և ինչպե՞ս են կազմակերպում պետական միջոցառումները

Օրացույցի վրա կարմիր շրջանակի մեջ առնված օրերից շատերը ենթադրում են, առաջին հերթին, տոնական և մարդաշատ համերգային ծրագրեր: Նման տոնական միջոցառումների մասնակիցը կամ ականատեսը դառնալով, միշտ չէ, որ հիշում ենք այդ միջոցառումների կազմակերպման համար աշխատողների, նախապատրաստական աշխատանքների ու ծախսվող գումարների մասին:

Ովքե՞ր են կազմակերպում պետական միջոցառումները. այս հարցի պատասխանը ստանալու համար Aysor-ի թղթակիցը կատարել փոքրիկ հարցախույզ:

Մեր երկրում պետական, ազգային տոներն ու միջոցառումները կարգավորվում են «Տոների և հիշատակման օրերի մասին» օրենքով: Ու թեև այդ օրենքը տոն օրերի համար նախատեսում է ազատ ու ոչ աշխատանքային օր, մի շարք գերատեսչությունների համար այդ և նախատոնական օրերն առավել լարված են լինում:

Կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ Արամ Կարապետյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ տոնական միջոցառումները կազմակերպող երեք տեսակի հանձնաժողով է լինում` գերատեսչական` նախարարի հրամանով, կառավարական կամ պետական` վարչապետի որոշմամբ կամ ՀՀ Նախագահի հրամանագրով:

Կախված միջոցառման բնույթից` գործն այսպես ասած «ուղարկվում» է համապատասխան գերատեսչություն: Aysor-ի զրուցակցի խոսքերով` Բանակի օրվան նվիրված միջոցառումները կազմակերպում է Պաշտպանության նախարարությունը, մայրաքաղաքային տոները` քաղաքապետարանը, միջազգային և ազգային նշանակության տոների կազմակերպումն էլ իրականացվում է միայն Նախագահի վերահսկողությամբ: Գիտության, արվեստի ու մշակույթի ոլորտներում ավանդ ունեցող անձանց մեծարումը կառավարությունը վստահում է ստեղծագործական միություններին ու գիտությունների ակադեմիային:

Միջոցառումները կազմակերպվում ու անցկացվում են կա'մ սեփական ուժերով, կա'մ էլ վստահվում են մասնագիտացված կազմակերպություններին` կախված նրանից, թե որքան գումար է նախատեսված այդ միջոցառման կազմակերպման համար:
Նմանատիպ կազմակերպություններից մեկի պրոդյուսերի հետ զրույցում կարծիք հնչեց, թե մշակույթը թանկ բան է, և շատ կարևոր են ներդրված գումարները. «Որքան շատ, այնքան բարձրակարգ»: Որպես օրինակ նա հիշեցրեց Դուբայի «Ատլանտիս» համալիրի բացման օրվա հրավառությունը` կատակելով, որ այդ հաճույքի գինը, թերևս, մեր երկրի Մշակույթի նախարարության մի քանի տարվա բյուջեն է:

Մեր օրերում Շահումյան, Ազատության և Հանրապետության հրապարկները բացօթյա համերգների անցկացման ամենահարմար վայրերն են: Դե իսկ միջոցառման հրավիրված հյուրերից մինչև հրավառություն` հաճույքի չափը կախված է գումարից:
Համերգների կազմակերպման մեծ փորձ ունեցող մարդիկ հավաստիացնում են, որ տոնական միջոցառումներին էստրադային կատարողները ելույթ են ունենում նաև անվճար: Իսկ օտարերկրյա հյուրերի հոնորարների մասին գերադասում են լռել:
 

Ովքե՞ր և ինչպե՞ս են կազմակերպում պետական միջոցառումները