Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բարաք Օբամային
04/07/2011 13:34

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բարաք Օբամային

Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և շնորհավորել դեսպանատան աշխատակիցներին՝ Միացյալ Նահանգների անկախության 235-րդ տարեդարձի կապակցությամբ:

Նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության ղեկավարն իր խոսքում նշել է, որ Միացյալ Նահանգների Անկախության տոնը շատ մեծ նշանակություն է ունեցել և այժմ էլ ունի ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև բոլոր ժողովուրդների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, քանի որ, ըստ Նախագահի, չկա մի ժողովուրդ, ով չի ցանկանում անկախություն և ազատություն:

Նույն աղբյուրի հաղորդմամբ, Սերժ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն Նախագահ,
Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ամենայն ջերմությամբ շնորհավորում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ՝ ի սրտե մաղթելով Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Ամերիկայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

235 տարի առաջ Ֆիլադելֆիայում ընդունված Անկախության հռչակագիրը խորհրդանշեց կարևորագույն հանգրվան ժողովրդավարության, մարդու և ժողովուրդների իրավունքների ու արժանապատվության, սեփական ճակատագիրը տնօրինելու ազատության բարձրագույն արժեքների ամրագրման ճանապարհին:

Անգնահատելի է այն շարունակական և համակողմանի աջակցությունը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցուցաբերել է Հայաստանին՝ քսանամյակը բոլորող անկախության առաջին տարիներից ի վեր: Օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում Ձեր վարչակազմին և անձամբ Ձեզ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված հետևողական և կառուցողական ջանքերի համար՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության։

Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Միացյալ Նահանգների հետ շարունակվող սերտ գործակցությանն ու գործընկերային ջերմ հարաբերություններին, երկկողմ կապերի վերընթաց զարգացմանը, մեր երկրների ու ժողովուրդների բարեկամության հետագա ամրապնդմանն ու խորացմանը:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր հնարավորություններ ստեղծել փոխադարձ հետաքրքրության բոլոր ոլորտներում գործակցության առկա որակական մակարդակը ավելի բարձրացնելու համար:

Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»: 

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բարաք Օբամային