Նամակ նախագահին` Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից
04/07/2011 15:39

Նամակ նախագահին` Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային:

Ողջունելով հյուրին՝ Նախագահը նշել է, որ բարձր է գնահատում ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության դերն ու նշանակությունը՝ որպես զբոսաշրջության բնագավառում համաշխարհային ֆորում: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, ակնհայտ է, որ զբոսաշրջային արդյունաբերությունը գնալով ավելի ու ավելի է կարևորվում ինչպես համաշխարհային տնտեսության մեջ, այնպես էլ մարդկանց սոցիալական խնդիրների լուծման գործում, մշակութային և քաղաքական բնագավառներում։

Սերժ Սարգսյանը նշել է, որ զբոսաշրջությունը Հայաստանում տնտեսության գերակա ճյուղ է, և չնայած այդ ոլորտում տարեկան մոտ 20 տոկոս աճ է գրանցվում, իսկ ներքին զբոսաշրջության առումով՝ մի փոքր-ավելին, այնուամենայնիվ, Հայաստանում զբոսաշրջությունը շատ մեծ ներուժ ունի, որն անհրաժեշտ է լիարժեք օգտագործել:

«Բնականաբար, մենք ևս Հայաստանում մեծ կարևորություն ենք տալիս զբոսաշրջության զարգացմանը և շատ ուրախ ենք, որ շուրջ 15 տարի է անդամակցում ենք համաշխարհային կազմակերպությանն ու ունենք համագործակցության լավ ապագա»,- ասել է ՀՀ Նախագահը` վստահություն հայտնելով, որ ՄԱԶՀԿ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա այդ համագործակցությանը:

Թալեբ Ռիֆայը հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել ՄԱԶՀԿ-ի և Ճամփորդության և զբոսաշրջության համաշխարհային խորհրդի բաց նամակը, նշելով, որ նման նամակներ հանձնում են այն երկրների ղեկավարներին, ովքեր ընդունում են զբոսաշրջային արդյունաբերության տնտեսական, սոցիալական և քաղաքական կարևորությունը:
 

Նամակ նախագահին` Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից