.jpg)
Մի շարք անօթևաններ փաստացի հաշվառում չունեն
«Շիրակ կենտրոնը» աղետի գոտում պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա անօթևան ընտանիքներին կացարան հատկացնելու խնդրի մասին դիմում-առաջարկ է ուղղել ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին և Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Դիմում-առաջարկի բովանդակությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Դիմում-առաջարկում նշվում է, որ աղետի գոտում և հատկապես Գյումրիում կան պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա բազմաթիվ ընտանիքներ, որոնք չունեն նույնիսկ ժամանակավոր կացարաններ և բնակվում են վարձով կամ ազգ-բարեկամների տանը:
Տասնյակ ընտանիքներ էլ կան, որոնք թեև երկրաշարժին կորցրել են բնակարաններ, սակայն անօթևանների հերթացուցակում ընդգրկված չեն միայն այն պատճառով, որ վերահաշվառման ժամանակ` մինչև 2008 թ.-ի ավարտը Հանրապետությունից բացակայել են կամ ժամանակին չեն կարողացել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը պատրաստել ու հանձնել համայնքային իշխանություններին: Նրանք ևս աղետի գոտում բնակբաշխման գործընթացը կանոնակարգող ՀՀ կառավարության որոշումներով սահմանված կանոնակարգի համաձայն ենթակա չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման:
«Մեզ են դիմում և այնպիսի անօթևաններ, որոնք կացարան չուենալու պատճառով զրկված են անգամ մշտական կամ փաստացի բնակության վայրի հաշվառում ունենալու հնարավորությունից (http://shirakcentre.org/hy/lurer/989-shirak-centre-ngo, http://www.youtube.com/watch?v=iyRs0ec62Es&feature=player_embedded#at=14)»,- գրված է ՀԿ-ի տարածած հաղորդագրությունում:
«Շիրակ կենտրոնը»-ը կոչ է անում անհապաղ անդրադառնալ փաստացի փողոցում և ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված համաքաղաքացիներին մշտական կամ ժամանակավոր կացարաններով ապահովելու խնդրին` նշելով, որ
նրանցից շատերը համաձայն են անգամ բնակվել ժամանակավոր կացարաններում կամ հանրակացարաններում, միայն թե ծածկ ունենան իրենց գլխի վերև և որևէ տեղ փաստացի հաշվառվելու հնարավորություն:
ՀԿ-ն հիշեցնում է, որ աղետի գոտում քաղաքացիներին բնակարաններ հատկացնելու կարգը սահմանող ՀՀ կառավարության որոշումների համաձայն բնակարան ստացած քաղաքացիները, բացառությամբ բազմանդամ ընտանիքների, պարտադիր կերպով պետք է քանդեն և տարածքներն ազատեն ժամանակավոր կացարաններից: Այդ թվում կան քանդման ենթակա, նախորդ և ընթացիկ տարում բնակարաններ ստացած ընտանիքների կողմից տնօրինվող քարաշեն կամ կիսաքարաշեն ժամանակավոր կացարաններ, որոնք միանգամայն պիտանի են երկարաժամկետ բնակության համար: ՀԿ-ն առաջարկում է ժամանակավոր կացարանները քանդելու փոխարեն համապատասխան դրամական փոխհատուցում տրամադրել դրանք փաստացի տնօրինողներին և կացարանները տրամադրել այն ընտանիքներին, որոնք բնակվելու որևէ տեղ չունեն և պետության կողմից էլ բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:
«Այդ նպատակով առաջարկում ենք աղետի գոտում ստեղծել հանձնաժողով` ընդգրկելով նաև քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ: Այդ հանձնաժողովին տալ բնակության համար պիտանի, քաղաքաշինության նորմերին չխանգարող ժամանակավոր կացարանները բնակարան ստացած քաղաքացիներից որոշակի գումարային փոխհատուցմամբ վերցնելու, հաշվառելու և վերը նշած կարգավիճակում հայտնված ընտանիքներին բաշխելու լիազորություններ: Միաժամանակ կարծում ենք` անհրաժեշտ է մշակել և իրականացնել պետության կողմից փոխհատուցման ոչ ենթակա ընտանիքներին կացարաններով ապահովելու այլ ծրագրեր ևս: Մասնավորապես.
1. խրախուսել, որ անհատ բարերարների կամ բարեգործական հիմնադրամների կողմից բնակարանների նվիրատվություններ իրականացվեն հատկապես վերը նշված կարգավիճակում հայտնված անօթևան ընտանիքներին,
2. համայնքին պատկանող բնակարանային ֆոնդից կատարվեն հատկացումներ,
3. հատկացումներ կատարվեն նաև Հայաստանում պետական բյուջեի միջոցներով կառուցված սոցիալական բնակարանային ֆոնդից»,- գրված է դիմում-առաջարկությունում: