Տիգրան Սարգսյանն ընդունել է Թալեբ Ռիֆային
04/07/2011 17:18

Տիգրան Սարգսյանն ընդունել է Թալեբ Ռիֆային

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային:

Կառավարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ողջունելով հյուրերին կառավարությունում, վարչապետը կարևորել է ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարի այցը, քանզի այն կարող է նոր թափ հաղորդել Հայաստանում տուրիզմի զարգացմանը: Կառավարության ղեկավարի խոսքերով` ոլորտի զարգացումը գործադիրի առաջնահերթություններից է, և այս ասպարեզում հաջողության հասնելու համար կարևոր է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության փորձի ու գիտելիքների կիրառումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Թալեբ Ռիֆային բարձր է գնահատել վերջին տարիների ընթացքում զբոսաշրջության ոլորտի զարգացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության ներդրած ջանքերը և նշել, որ դրանք հնարավորություն են տալիս զարգացնելու և օգտագործելու Հայաստանի զբոսաշրջային հսկայական ներուժը:

ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կառավարության կողմից տուրիզմը առաջնահերթություն հռչակելը ճիշտ որոշում է, և նշել, որ կազմակերպությունը ցանկանում է օժանդակել Հայաստանին զբոսաշրջության ոլորտի զարգացման ջանքերին: Այդ առումով, ըստ Թալեբ Ռիֆայի, 2010թ. արդյունքները տպավորիչ են:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելուն ուղղված ջանքերին, համատեղ կրթական և ուսումնական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային բրեդնի ձևավորմանն ու զարգացմանը: 

Տիգրան Սարգսյանն ընդունել է Թալեբ Ռիֆային