Փոխվարչապետն ընդունել է  Դենիս Բրաունին
13/07/2011 18:28

Փոխվարչապետն ընդունել է Դենիս Բրաունին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Դենիս Բրաունին:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի ընթացքին, հանրապետությունում ՄԻԱՎ-ի տարածվածության կանխարգելմանն ուղղված միջոցառումներին, Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակին վերաբերող հարցեր:

Փոխվարչապետը նշել է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, օրենսդրական դաշտի բարեփոխումների, բնակչության իրազեկման բարձրացման, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խնամքի և խտրական վերաբերմունքի մեղմման հարցերը գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:

Ա. Գևորգյանը նշել է, որ ըստ հետազոտությունների, Հայաստանում նվազել են ռիսկային խմբերում ՄԻԱՎ-ի տարածվածության ցուցանիշները, սակայն ՀՀ կառավարությունը շարունակում է հետևողական աշխատանքը` տարեցտարի ավելացնելով պետբյուջեում առողջապահության ծախսերը, ակտիվ համագործակցելով միջազգային և տեղական կազմակերպությունների հետ:

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի ծրագրի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Դենիս Բրաունը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված աշխատանքները` նշելով, որ Արևելյան Եվրոպայում Հայաստանն ունի իրազեկման ծրագրերում ամենամեծ ընգրկվածությունը, այստեղ նաև արձանագրվել է առաջընթաց երիտասարդության շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման մասին տեղեկացվածության առումով:
Նրա խոսքով, կազմակերպությունը բարձր է գնահատել Հայաստանի կողմից «Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքն արգելող վարակիչ հիվանդությունների ցանկում» ՄԻԱՎ-ով հիվանդների սահմանափակումը հանելու որոշումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի հետագա ֆինանսավորմանը, ինչպես նաև իրազեկման և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող միգրանտների իրավունքների պաշտպանության ու խնամքի հարցերը մուտքի երկրների հետ համագործակցելով իրականացնելու հնարավորությունները:

Ա. Գևորգյանը նշել է, որ ՀՀ կառավարությունում կքննարկվեն ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի կողմից բարձրացված հարցերը` համապատասխան լուծումներ գտնելու նպատակով:

 

Փոխվարչապետն ընդունել է Դենիս Բրաունին