ՀՀ Վարչապետ. «հուլիսին և օգոստոսին կարձանագրենք գնանկում»
13/07/2011 15:27

ՀՀ Վարչապետ. «հուլիսին և օգոստոսին կարձանագրենք գնանկում»

«Հայաստանում մենք պահպանելու ենք արտաքին պարտքի 50 տոկոսի չգերազանցումը համախառն ներքին արդյունքից. այն ներկայում կազմում է 43 տոկոս», -այսօր ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում դասախոսություն կարդալիս ուսանողներին, դասախոսներին ու շրջանավարտներին, լրագրողներին ու, ուրեմն, ընթերցողներին վստահեցրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Անդրադառնալով ապրանքային շուկաներում գների ապագա վարքագծին, Տիգրան Սարգսյանը նշեց, որ հնարավոր է նորից գնաճ գրանցվի` հատկապես դիզվառելիքի տեսանկյունից, եթե արաբական երկրների քաղաքական անկայունությունը շարունակվի:

Վարչապետը վստահեցրեց նաև, որ այսօր Հայաստանի տնտեսությունը գտնվում է կայունացման միջավայրում ու 2011թ.-ի առաջին վեց ամսում գնաճը կազմել է 3.5 տոկոս, իսկ «հուլիսին և օգոստոսին կարձանագրենք գնանկում»:

Ըստ վարչապետի, սա այն դեպքում, երբ անցյալ տարի վատ եղանակի պայմանավորվածությամբ բարձր գնաճ ենք արձանագրել անգամ օգոստոսին:

Տ.Սարգսյանը հիշեցրեց նաև, որ «2010թ-ին ունեցել ենք 9.4 տոկոս գնաճ, որի 7 տոկոսը պայմանավորված է եղել համաշխարհային շուկայի գներով»:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո Հայաստանի կառավարության որդեգրած տնտեսական քաղականությունը Տ.Սարգսյանի ներկայացմամբ, ուներ մի սկզբունք` նախապատվություն տալ մակրոտնտեսական կայունության ապահովմանը:

«2006-2011թ. Արտաբյուջետային ազդակները, վկայում են, որ մենք իրականացրեցինք հակացիկլիկ քաղաքականություն` եկամուտի ազդակը և ծախսի ազդակը»,- ասաց նա` նշելով, որ դրանք հաշվվում են եկամուտի տարբերությունն ըստ տարիների ՀՆԱ-ի տարբերությանը հարաբերելով:

Վարչապետը հավելեց նաև, որ մինչև ճգնաժամ Հայաստանը վարել է զսպողական քաղաքանություն.այսինքն համախառն արդյունքի աճը եղել է ավելի ցածր, հավաքած եկամուտները` շատ, ինչն էլ որոշակի դիմադրողականություն է տվել երկրի տնտեսությանը, իսկ «ճգնաժամի ժամանակ հակացիկլիկ քաղաքականություն ենք վարել, քանի որ ունեցել ենք տնտեսական անկում, բայց էապես ավելացրել ենք մեր ծախսերը»:

 

ՀՀ Վարչապետ. «հուլիսին և օգոստոսին կարձանագրենք գնանկում»