.jpg)
Մերձքաղաքային երթուղիները կկայանեն ավտոկայաններում
Երևան քաղաքի տրանսպորտի զարգացման հայեցակարգի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և ճանապարհային ոստիկանության հետ համատեղ մշակել են մայրաքաղաքի կենտրոնը տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու անհրաժեշտ միջոցառումների ծրագիր, որ բաղադրիչներից մեկը մայրաքաղակի կենտրոնական հատվածներում մերձքաղաքային ուղևորատար տրանսպորտային միջոցների կայանումն արգելելն է։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ծրագրի այս մասով նախատեսվում է, որ Երևան քաղաք մուտք գործող մերձքաղաքային երթուղիները իրենց վերջնականգառը հիմնականում պետք է կատարեն Երևան քաղաքի ավտոկայաններում կամ քաղաքապետարանի կողմից նախատեսված համապատասխան երթակարգավարական կետերում։
Ըստ այդմ Երևանի քաղաքապետարանն առաջարկում է, որ Արագածոտնի մարզի կողմից Երևան եկող ուղևորատար տրանսպորտային միջոցները, որոնք շարժվում էին Կիևյան, Բաղրամյան, Պարոնյան, Պռոշյան փողոցներով, այսուհետ կայանեն ոչ թե Պարոնյան փողոցում, այլ Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի և Աթենքի խճուղով մուտք կգործեն Կենտրոնական ավտոկայան։