Աջակցություն տեսողության խանգարումներ ունեցողներին
13/07/2011 14:18

Աջակցություն տեսողության խանգարումներ ունեցողներին

Այսօր «Օրանժ» (Orange) հիմնադրամը և Հայկական ակնաբուժության նախագիծը հայտնեցին իրենց համագործակցության մասին: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Օրանժ» հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան։ Ակնաբուժական բարեգործական ծրագիրը` «Լույս հայի աչքերին», մեկնարկելու է օգոստոս-սեպտեմբեր ամիսների Շիրակի մարզում:

«Հիմնադրամը իր գործունեության հիմնական առանցքներում է տեսնում երեխաների համար նախագծերը, առողջապահությունը, կրթությունը»,- շեշտեց Բրունո Դյութուան և հավելեց, որ Շիրակի մարզում հայկական ակնաբուժական նախագծին աջակցելու համար հիմանդրամը տրամադրել է ինը մլն դրամ:

Նրա ներկայացմամբ` Orange-ը նման ծրագրեր ունի նաև այլ երկրներում, և իրենք ուրախ են աջակցելու հայկական ակնաբուժական նախագծին, որը Հայաստանում ներկա է քսան տարի և հիմնվել է բժիշկ Ռոջեր Օհանեսյանի կողմից։ Դյութուան իր ուրախությունը հայտնեց, որ «ծրագիրը մոտ է օգտագործողին»` հենց մարզում է:


«Սա կարևոր իրադարձություն է, որից կօգտվեն Շիրակի մարզի բնակիչները»,- իր հերթին շեշտեց հայկական ակնաբուժության նախագծի հիմանդիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը և հավելեց, որ տարբեր երկրներում խնդիր է որակյալ ակնաբուժական ծառայությունների մատչելիությունը և որ իրենք լուծել են այդ խնդիրը` մարզերում մատուցելով անվճար ակնաբուժական ծառայություններ:

Ռ. Օհանեսյանը նշեց, որ կազմակերպության աչքի հիվանդանոցը շարժական է և մարզերում տրամադրում է անհրաժեշտ ակնաբուժական ծառայություններ:

Orange Հիմնադրամի տրամադրված միջոցներով Շիրակի մարզում նախատեսվում է իրականացնել երեք հազար մեծահասակների և հազար երկու հարյուր երեխաների ակնային զննումներ, կատարել վիրահատություններ, լազերային բուժումներ, ինչպես նաև նախատեսվում է տրամադրել շուրջ հազար երկու հարյուր ակնոց:
 

Աջակցություն տեսողության խանգարումներ ունեցողներին