«Մենք ունենք զարգացում տնտեսության իրական հատվածում»
13/07/2011 17:23

«Մենք ունենք զարգացում տնտեսության իրական հատվածում»

«Մենք ունենք զարգացում տնտեսության իրական հատվածում, հատկապես արդյունաբերության ոլորտում, և կարծում եմ `այդ դինամաիկան կպահպանվի մինչև տարեվերջ, և արդյունաբերության մասնաբաժինը տնտեսության մեջ կմեծանա»,- այսօր «Ֆինանսական Քոլեջ» Հիմնադրամի կողմից 2010 թ.-ին գործարկված «Հայաստանը` որպես հնարավորությունների երկիր» ծրագրի յոթերորդ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Նա նշեց, որ իրական հատված ասելով հասկանում ենք նաև էներգետիկան, շինարարությունը և այլ ոլորտները, սակայն այստեղ կարևոր է, որ արտադրության ոլորտը ՀՀ-ում նոր փուլ է մտել և կամաց-կամաց տեղի է ունենում տնտեսության վերականգնման գործընթաց:

«ՀՀ-ը միշտ եղել է արդյունաբերական երկիր, կարծում եմ` կա և կմնա այդպիսին, սակայն դա չի նշանակում, որ մեր ուշադրության կենտրոնում չեն լինելու տնտեսության այլ ճյուղերը»,- ընդգծեց Տ. Դավթյանը:

Նրա խոսքերով` մեզ համար կարևոր պետք է լինեն տնտեսության բոլոր ճյուղերը` և' արդյունաբերությունը, և' գյուղատնտեսությունը, և' ծառայությունների ոլորտը, ինչպես նաև` էներգետիկան և շինարարությունը, որովհետև դրանք ձևավորում են համախառն ներքին արդյունք, ստեղծում աշխատատեղեր, պետական եկամուտների համար աղբյուր դառնում, ինչը լրացուցիչ, այդ թվում` սոցիալական ծախսերի հնարավորություն է ստեղծում:

Տ. Դավթյանը նշեց, որ ձեռնամուխ են եղել նոր ռազմավարության մշակմանը` արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերության զարգացմանը:

Նա ասաց, որ ՀՀ-ը, լինելով փոքր երկիր, ունենալով սահմանափակ ներքին շուկա, պետք է հասկանա, որ զարգացումը պետք է ուղղված լինի դեպի արտահանում, որովհետև քիչ թե շատ լուրջ արտադրությունների համար մեր շուկան նեղ է:
 

«Մենք ունենք զարգացում տնտեսության իրական հատվածում»