.jpg)
Ի՞նչ է անում պետությունը դիվերսիֆիկացիան խթանելու համար
«Երբ մենք 2009 թ տնտեսության մեջ 14 տոկոսանոց անկում ունեցանք, ՏՏ սեկտորում ունեցանք 17 տոկոսանոց աճ»,- այս մասին այսօր ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, թե ի՞նչ է անում պետությունը` դիվերսիֆիկացիայի գործընթացը խթանելու համար, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքերով` կառավարության ուշադրության կենտրոնում են հատկապես հանքահումքային արդյունաբերության զարգացումն ու ՏՏ ոլորտը, որտեղ զբաղվածությունների քանակը 5 հազար հոգի է: Ի տարբերություն հանքահումքային ոլորտի` ՏՏ ոլորտում աշխատավարձը բարձր է ու, ըստ վարչապետի, պետք է այնպես անել, որ ապագայում էլ բարձրանա վերջինիս տեսակարար կշիռը:
Վարչապետը կարևորեց հատկապես գյուղատնտեսությունը, որն «ամենապրոբլեմատիկ հատվածն է այն պատճառով, որ այսօր գյուղատնտեսությունում կա 340 հազար տնտեսվարող և ընդամենը 420 հազար հա մշակվող հող»:
«Այսինքն` մեկ տնտեսության վրա ընկնող քանակը շատ փոքր է ` 1.2, 1.4 հա»,- ընդգծեց նա` անհաժեշտ համարելով նոր ռազմավարության` «Գյուղատնտեսության և գյուղի զարգացման» ծրագրի գործելու փաստը, քանի որ եթե գյուղատնտեսությունում արտադրողականությունը բարձրանա, խնդիր է առաջանալու զբաղվածության հարցը լուծելու:
«Գյուղում պետք է լինեն այնպիսի պայմաններ, որ աշխատատեղ ստեղծվի ու բարենպաստ պայմաններ` գյուղի զարգացման համար»,- հավելեց վարչապետը: