Տոլորս,  Սբ. Կարապետ.  Եկեղեցու «լվացված հետքերը»
13/07/2011 18:45

Տոլորս, Սբ. Կարապետ. Եկեղեցու «լվացված հետքերը»

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Տոլորս գյուղում գտնվող 16-րդ դարի եկեղեցին խեղդվում է, արդեն 40 տարի: 1970-ական մի խումբ պաշտոնյաներ որոշեցին կառուցել Տոլորսի ջրամբարը, առանց հաշվի առնելու եկեղեցու` նույն տարածքում գտնվելու հանգամանքը:

Այդ ժամանակ որոշ գիտնականներ և ճարտարապետներ առաջարկեցին տեղափոխել եկեղեցին մեկ այլ վայր, սակայն խորհրդային պաշտոնավորները նախընտրեցին խորտակել սրբատեղին:

Գյուղաբնակները դիմել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, որպեսզի նա միջոցներ ձեռնարկի` եկեղեցին այլ վայր տեղափոխելու համար:

Նրանք խորտակված եկեղեցու շուրջ նաև լեգենդներ են հյուսել. «Ամեն տարի, երբ ջուրը ծածկում է եկեղեցու գմբեթը, ուժգին կարկուտ է տեղում` վերացնելով ողջ բերքը: Աստված է պատժում»,- ասում են նրանք:

Այսօր «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես սփյուռքահայ բարերարների ուշադրությունն է հրավիրում` խնդրելով նրանց ֆինանսավորել եկեղեցին ջրից դուրս բերելու գործընթացը:

Aysor-ը պարզաբանումներ ստանալու համար խոսեց Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանի հետ: Նա եկեղեցու գոյությունն ընդհանրապես կասկածելի համարեց` ասելով, որ դրա մասին լսել են, բայց, ցավոք, այն ժամանակին չի ուսումնասիրվել, չափագրվել, այդ պատճառով էլ պետական ցուցակներում չեն ընգրկել. «Այդ եկեղեցին Մայր Աթոռի ենթակայության տակ էլ լինել չի կարող, քանի որ նրան հանձնվում է Կառավարության որոշմամբ` սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով: Իսկ այդ ցանկում շուրջ 194 եկեղեցի կա, որոնց մեջ նմանը չկա»: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Մայր Աթոռի հովանավորությանն են հանձնվում միայն գործող եկեղեցիները. «Գետի տակ մնացած եկեղեցին ինչի՞ն է պետք»,- ավելացրեց նա:

Թերթելով 2005թ-ին թարմացված պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակը, Ս. Մուսոյանը հայտնեց, որ դրանում Տոլորս գյուղի եկեղեցի ընդհանրապես չկա:

Ստացվում է, որ 5 դարյա պատմություն ունեցող եկեղեցին այսօր ընդհատակ է անցել` թե' ֆիզիկապես, թե' «բարոյապես», ասես երբեք էլ չի եղել:

Լուսանկարը` photostock.am

Տոլորս, Սբ. Կարապետ. Եկեղեցու «լվացված հետքերը»