29/08/2011 18:28
Հրաչյա Շահազիզյանի չեմպիոնական ռեկորդը
Երևանցի վարպետ Հրաչյա Շահազիզյանը նավամոդելային սպորտում աշխարհի չեմպիոնության նոր ռեկորդ սահմանեց: Ութամյա ընդմիջումից հետո ԵՊՃՀ մեխանիկայի ամբիոնի դոցենտը կրկին նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, որը թվով ութերորդն է:
Ֆրանսիայի Շատերլո քաղաքի ջրուղիներում ներկայացված էր ռեկորդային թվով` 104 նավամոդել: Մասնակիցները հինգի փոխարեն բավարարվեցին երեք փորձով: Պայքարն ընթանում էր վաղ առավոտից մինչև ուշ երեկո: Շահազիզյան ընտանիքից առաջինն ասպարեզում հայտնվեց հայրը` իր ջրային պտուտակով կորդային արագընթաց մոդելով: Նրա շարժիչի ծավալը 10 խորանարդ սանտիմետր է: Հրաչյայի նավակի զարգացրած արագությունը չէր նվազում նույնիսկ շրջադարձերի ժամանակ: Արդյունքում մեր վետերանն ութերորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Այնուամենայնիվ, առաջնության հերոսը դարձավ Հրաչյայի կրտսեր որդին` Բաբկենը: Նա պայքարեց չորս դասում: Ուժեղագույնի պատիվը և չեմպիոնի ոսկին Բաբկենը նվաճեց Բ-1-ում` օդային պտուտակով կորդային արագընթաց մոդելով: Մյուս դասերում նա արժանացավ երկու արծաթե և մեկ բրոնզե պարգևի:
Հրաչյայի մյուս զավակները` Արմանը և Գայանեն, պատրաստել էին բոլորովին նոր մոդելներ, որոնք չհասցրեցին կարգավորել տեղում, իսկ Երևանում համապատասխան պայմաններ չկային:
ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը տեղեկացնում է նաև, որ Հրաչյա Շահազիզյանը 2005-ին ընտրվել է նավամոդելային սպորտի համաշխարհային կազմակերպության ԱԲ կորդային արագընթաց մոդելների բաժնի նախագահ: Շատերլոյում երևանցին վերընտվել է նույն պաշտոնում: Շահազիզյաններն իրենց հաղթանակները նվիրում են ՀՀ անկախության 20-ամյակին:
Ավելացնենք, որ մեր հավաքականը թիմային ոչ պաշտոնական հաշվարկով գրավել է առաջին տեղը: