Արժանի գնահատում
06/09/2011 19:44

Արժանի գնահատում

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանն ընդունեց 2011 թ. օգոստոսին Դուբլինում տեղի ունեցած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մրցանակային տեղեր նվաճած, «Դինամո» մարզական ընկերությունը ներկայացնող մարզիկներ Կորյուն Սողոմոնյանին ու Գոռ Երիցյանին և նրանց մարզիչներին:

Սպորտի վարպետներ Կորյուն Սողոմոնյանն ու Գոռ Երիցյանը, չնայած երիտասարդ տարիքին, նորեկներ չեն այդ ասպարեզում: Կորյունը բռնցքամարտի 2009 թ. պատանիների աշխարհի առաջնության հաղթող է, 2011 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր, Գոռը` 2010 թ. Եվրոպայի պատանիների և 2011 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալի դափնեկիր: Երկուսն էլ իրենց քաշային կարգերում հանրապետության չեմպիոններ են և նվաճումներ են ունեցել մի շարք միջազգային մրցաշարերում:

Շնորհավորելով մարզիկներին` ոստիկանության պետը հույս հայտնեց, որ նրանք չեն բավարարվի ձեռքբերումներով և կշարունակեն հաղթարշավը` բարձր պահելով Հայաստանի Հանրապետության և ՀՀ ոստիկանության մարզական պատիվը:

Երիտասարդ բռնցքամարտիկներն ու նրանց մարզիչները` ՀՀ վաստակավոր մարզիչ, բռնցքամարտի ՀՀ երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, «Դինամո» մարզական ընկերության ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանը, ՀՀ վաստակավոր մարզիչ Սամվել Սողոմոնյանը, ով Կորյունի հայրն է ու մարզիչը, և Գոռ Երիցյանի մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Մարտուն Մելիքյանը շնորհակալություն հայտնեցին ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին` իրենց աշխատանքի գնահատման, ինչպես և մարզումային անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար` հավաստելով, որ կանեն ամեն ինչ` մարզական նորանոր ձեռքբերումներ արձանագրելու և իրենց հանդեպ ցուցաբերված հոգատարությունն ու վստահությունն արդարացնելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:
 

Արժանի գնահատում