.jpg)
Խորհրդակցություն` ՋՕԸ-երի ղեկավարների մասնակցությամբ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությանը, որին մասնակցում էին ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ԾԻԳ-ի տնօրեն Ա. Ղազարյանը, Ջրառ և Ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարները, քննարկվեցին ոռոգման համակարգի ընթացիկ իրավիճակին առնչվող հարցեր:
Խորհրդակցության ընթացքում ուշադրություն հրավիրվեց ձևավորված հասույթի դիմաց հավաքագրումների պատշաճ մակարդակի ապահովմանը: Խնդիրը կարևորվեց համակարգի ֆինանսական կայունության ապահովման տեսանկյունից: Նշվեց, որ այս տարի գյուղատնտեսության ոլորտում արձանագրված դրական միտումները կարող են դրականորեն անդրադառնալ հավաքագրումների վրա:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ անդրադարձ եղավ նաև ոռոգման համակարգում «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված ծրագրերին: Փոխվարչապետը ՋՕԸ ընկերությունների ղեկավարներին հորդորեց ուշադիր լինել վերականգնված պոմպակայանների ընդունման գործընթացի նկատմամբ և արձանագրել նկատված թերությունները` դրանք ժամանակին շտկելու համար: Նա նաև առաջարկեց հետևողական լինել ՊՈԱԿ-ի երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրին մասնակցելու նպատակով ՋՕԸ-երի նկատմամբ համայնքների ստանձնած պարտավորությունների` ժամանակին իրականացման հարցում:
Քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր, փոխվարչապետն ու Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը պատասխանեցին ՋՕԸ-երի ղեկավարների հարցերին: