.jpg)
Հայ-թուրքական արձանագրությունները գտնվում են փակուղում
«Հայ-թուրքական հարաբերությունները և հայ-թուրքական արձանագրությունները վաղուց գտնվում են փակուղում և փակոււղին գնալով խորանում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նա նշեց, որ եթե թուրքական խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունները ինքնաբերաբեր դուրս մղվեցին, ապա ՀՀ-ում նախագահն ինքը կասեցրեց այդ գործընթացը:
«Արձանագրությունները կարող են հայտարարվել չեղյալ, իսկ դրա համար պետք է, որ ՀՀ-ն կամ Թուրքիան հետ կանչի իր ստորագրությունները և եթե նայենք ՀՀ նախագահի, որը արտաքին քաղաքականության պատասխանատուն է, այն հայտարարությանը, որ այս գործընթացը չի կարող անվերջ լինել, ապա ստորագրությունը հետ կանչելու հավանականությունը միշտ էլ մնում է ՀՀ-ի արտաքին քաղաքականության օրակարգում»,-ընդգծեց Ռ. Մելքոնյանը:
Նրա կարծիքով, կշարունակվեն հայ-թուրքական լարված հարաբերությունները` շրջափակման պայմաններում, իսկ միջազգային ասպարեզում Թուրքիայի այն հավաստիացումները, որ ինքը պատրաստ է ՀՀ-ի հետ հարաբերություններ հաստատել, ոչ մի պետություն, կամ կազմակերպություն չի կարող դա լուրջ ընդունել:
Ռ. Մելքոնյանը նշեց, որ Թուրքիան դրա փոխարեն այժմ զարգացնելու է հասարակական հարաբերությունները, այսինք էլ ավելի է շեշտը դնելու տարբեր հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության վրա և դրա համար ստանալու է կամ արդեն ստացել է գերտերությունների և գրանտատու կազմակերպությունների հավանությունը:
Թուրքագետը հավելեց, որ մենք շուտով ականատես կլինենք հայ-թուրքական համատեղ ծրագրերին, գրքեր կգրվեն, շնորհանդեսներ և ցուցահանդեներ կկազմակերպվեն և դա Թուրքիան փորձելու է օգտագործել, որպես հակակշիռ քաղաքական հարաբերությունների տապալմանը և ցույց տալ, որ գործընթացը շարունակվում է: