«Ucom» և «Netsys»  խոշոր ընկերությունները միավորվում են
06/09/2011 11:57

«Ucom» և «Netsys» խոշոր ընկերությունները միավորվում են

«Յուքոմ» (Ucom) և «Նեթսիս» (Netsys) տեղեկատվական ոլորտի երկու խոշոր ընկերություններն այսուհետ իրենց գործունեությունը ծավալելու են միասին:

Ընկերությունների միավորման մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Յուքոմ» ՍՊԸ տնօրեն Հայկ Եսայանը:

Ինչպես նշեց նա, ընկերությունների միավորման նպատակն է ստեղծել կորպորատիվ ծառայությունների՝ վեբ կայքերի, տեղակայման ծառայությունների նոր որակ և հզորություններ. «Միավորումը նպատակ ունի նաև ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի հայկական վեբ կայքերը շահագրգռված լինեն տեղակայվել Հայաստանում, կլինի նաև գերարագ հոստինգ»:

Նա ավելացրեց, որ մինչև տարեվերջ «Յուքոմ»-ը կունենա 95 տոկոս ծածկույթ: Հ. Եսայանը հայտնեց նաև, որ երկու ընկերությունները դեռ աշխատելու են առանձին, սակայն ժամանակի ընթացքում հանդես կգան «Յուքոմ»-ի անվան տակ:

Միավորման արդյունքում, Հ. Եսայանի խոսքերով, լինելու է ինտերնետ արագության բարձարցում 1.5-2 անգամ, ինչպես նաև՝ հեռուստաալիքների ավելացում, ինչի արդյունքում, ըստ նրա, կլինեն նաև գների իջեցում:

Ասուլիսի մասնակից «Նեթսիս» ՀՁ ՍՊԸ տնօրեն Գևորգ Գևորգյանն էլ իր հերթին նշեց, որ «Նետսիս»-ը, եթե չի լինելու շուկայում, դա չի նշանակում, որ իր գործունեությունը ավարտել է. « «Նետսիս»-ը այսուհետ ներդրման միջոցով իր գործունեությունը, նոր ձեռքբերումները ու նոր հեռանկարները կծավալի «Յուքոմ-ի» կազմում»:

Նշենք, որ «Յուքոմ» ընկերության ֆիզիկական բաժանորդների քանակն անցնում է 10.000-ից, կորպորատիվ բաժանորդների քանակը՝ 1.200-ից, իսկ «Նեթսիս» ընկերությունը մասնավոր սեկտորում բաժանորդներ չունի, իսկ կորպորատիվ սեկտորում բոլոր ծառայությունների գծով ունի 2500-3000 բաժանորդ:


 

«Ucom» և «Netsys» խոշոր ընկերությունները միավորվում են