.jpg)
Ա. Ռուստամյան. Ադրբեջանը ստիպված է վերանայել իր մոտեցումները
Կազանյան եռակողմ հանդիպումից հետո, որտեղ Ադրբեջանի նախագահը ցուցադրաբար իր դժգոհությունն արտահայտեց ԼՂՀ խնդրի շուրջ բանակցային գործընթացից, Բաքվում՝ Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսում, մեծ ջանքեր գործադրվեցին ցուցադրելու Ադրբեջանի ռազմական «հզորությունը». ներկայացված էին 6 հազար զինծառայող, ռազմական տեխնիկայի ու զինատեսակների շուրջ 400 միավոր, 35 մարտական ուղղաթիռ, 22 օդանավ, և այլ տեխնիկա։ Ադրբեջանի նախագահի հայտարարությամբ, եթե 2003 թ. բյուջեում ռազմական ծախսերը կազմում էին 160 մլն դոլար, 2010-ին՝ 2 մլրդ 150 մլն դոլար, ապա այս տարի դրանք հասել է 3 մլրդ 300 միլիոն դոլարի... Սակայն ԼՂՀ Պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումներից մեկի կողմից ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքի ոչնչացման փաստն ապացուցեց, որ Ադրբեջանը զուր ջանքեր ու միջոցներ է գործադրում։
«Այս փաստը մեկ անգամ ևս ապացուցում է, որ մեր դիրքերն ամուր են, և Ադրբեջանը պետք է վերանայի իր մոտեցումները»,- մեկնաբանելով տեղի ունեցածը՝ Aysor-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
«Սա շատ կարևոր նշան էր, որպեսզի Ադրբեջանն իմանա, որ այն տեխնիկական մոդեռնիզացիան, մրցավազքը, ռազմական բյուջեի ավելացման ուղղությամբ ֆինանսական մեծ միջոցներ տրամադրելը հարցը չեն որոշելու։ Հարցը որոշվելու է ժամանակակից միջոցներով` բանակցային գործընթացով, և այն բոլոր սկզբունքներն ընդունելով, որ միջազգային հանրությունն ունի»,-ասաց ԳՄ ներկայացուցիչը։
Արմեն Ռուստամյանն ընդգծեց նաև, որ սա լավ նշան է ադրբեջանցիների համար, որպեսզի իմանան, որ Հայաստանում կան այն պաշտպանական հնարավորությունները, որոնք կարող են հակազդել իրենց ցանկացած ոտնձգության։
Նշենք, որ կործանված ինքնաթիռի մասերն այժմ գտնվում են ԼՂՀ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Արդեն պարզվել է, որ այն իսրայելական արտադրության «Հերմես 450» է։ Մասնագետները փաստում են, որ նման սարքերը շատ դժվար է ոչ միայն խոցել, այլև հայտնաբերել, որովհետև դրանց կառուցվաքները մետաղ չեն պարունակում, ուստի ռադիոլոկացիոն համակարգերը չեն կարողանում հայտնաբերել դրանք։
Ինչպես և սպասվում էր՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԼՂՀ տարածքում տապալված անօդաչու թռչող սարքի հետ իրենք որևէ առնչություն չունեն: