.jpg)
Արծվիկ Մինասյան, Արձանագրում ենք տնտեսական նոր վատթարացումներ
Դաշնակցություն խմբակցությունը բազմիցս գնահատումներ և վերլուծություններ է տվել երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ, սակայն Կառավարությունն ականջալուր չեղավ, և արդյունքում ստացվեց, որ Հայաստանը հայտնվեց սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում: Անդրադառնալով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակին՝ նման դիրքորոշում հայտնեց ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«14.1 տոկոս պաշտոնական տնտեսական անկումից Հայաստանը պետք է որ արագորեն դուրս գար, քանի որ ունի փոքր տնտեսություն, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ, և մենք անընդհատ արձանագրում ենք տնտեսական նոր վատթարացումներ»,- ասաց նա և ավելացրեց, որ խոսքը չի վերաբերում բացարձակ ցուցանիշներին:
Խոսելով գնաճի մասին՝ Ա. Մինասյանը նկատեց, որ երկրում գնաճի մեթոդաբանության և թիրախային ցուցանիշն ի սկզբանե սխալ է:
«Անհրաժեշտ է ոչ միայն տասներկուամսյա գնաճը թիրախավորել, այլ մենք պարտավոր ենք յուրաքանչյուր տարի ունենալ թիրախավորված գնաճի ցուցանիշ, որպեսզի այն կառավարությանը և ԿԲ-ին հնարավորություն տա առաջնորդվելու այդ ցուցանիշներով, որպեսզի գնաճի տատանումները կտրուկ չլինեն»,- ասաց նա: