Տարվա լավագույններին կպարգևատարեն հոկտեմբերի 5-ին
17/09/2011 16:45

Տարվա լավագույններին կպարգևատարեն հոկտեմբերի 5-ին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր կայացել է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» ամենամյա մրցույթների հանրապետական փուլը: Մրցույթներն անցկացրել են ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովները:

Ինչպես Aysor-ին տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի ղեկավար Արթուր Բաղդասարյանը, մրցույթներին մասնակցել է 30 մանկավարժ` ՀՀ բոլոր մարզերից և Երևանից: Մրցույթի ամփոփումից հետո կպարզվեն «Տարվա լավագույն ուսուցիչը», «Տարվա լավագույն տնօրենը» և «Տարվա լավագույն դաստիարակը»:

«Արդեն 11-րդ տարին է` անցկացվում են մրցույթները, սա հանրապետական փուլն է. յուրաքանչյուր մարզից մեկ լավագույնը եկել է հանրապետական փուլին մասնակցելու, Երևանից երկու հոգի են»,- ասաց Ա. Բաղդասարյանը և նշեց, որ պարգևները, հաղթողների անունները կհարապարկվեն «Ուսուցչի օրը» ` հոկտեմբերի 5-ին:

Նշենք նաև, որ պարգևները ուսուցիչներին են հանձնվելու Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում նախատեսվող տոնական միջոցառման ընթացքում: «Տարվա լավագույն ուսուցչին» և «Տարվա լավագույն դաստիարակին» կտրվեն ավտոմեքենաներ:

«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթում սահմանվել են նաև հետևյալ անվանակարգերը` «Նվիրում երեխաներին», «Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ», «Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու» համար:
«Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում սահմանվել են նաև հետևյալ անվանակարգերը` «Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար», «Հայրենասիրական և գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար», «Ուսուցման նորագույն մեթոդների ներդրման լավագույն փորձի համար»:

«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում սահմանվել են հետևյալ անվանակարգերը` «Սիրտս նվիրում եմ երեխաներին», «Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հարստացնելու համար», «Բնության կրտսեր բարեկամ դաստիարակելու համար»:
 

Տարվա լավագույններին կպարգևատարեն հոկտեմբերի 5-ին