.jpg)
Հայկական պատվիրակությունը ստիպված եղավ կոնսեսուս պահանջել
Սեպտեմբերի 14-15-ը Ստրասբուրգում կայացավ նորաստեղծ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը: Նախատեսված էր ընդունել քաղաքական հանձնաժողովի կողմից պատրաստված զեկույցը, որը ներկայացվելու էր սեպտեմբերի վերջին Վարշավայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին:
Սեպտեմբերի 14-ի Եվրանեսթի հանձնաժողովների նիստերը, ուր պետք է հաստատվեին հանձնաժողովների կարծիքները հիմնական զեկույցի մասին, ինչպես նաև հաջորդ օրվա լիագումար նիստը պարզ դարձրեցին, որ Եվրանեսթի արևմտյան և արևելյան բաղադրիչների, արևելյան գործընկերների պատվիրակությունների, ինչպես նաև Եվրախորհրդարանի տարբեր քաղաքական խմբակցությունների միջև եղած տարաձայնությունները Եվրանեսթի գործընկերության սկզբունքների, օրակարգի և ապագա նպատակների շուրջ դեռևս ամբողջությամբ հաղթահարված չեն: Հայաստանի խոհրդարանական պատվիրակությունն ամեն ջանք գործադրեց դժվարին հարցերում համախոհության եզրեր գտնելու համար: Արդյունքում 3 հանձնաժողովներից համաձայնեցված կարծիքի վերջնական քվեարկության և հաստատման կարողացավ հասնել միայն Սոցիալական, կրթամշակութային և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովը, որի համանախագահներին` ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանին և Եվրախորհրդարանի պատգամավոր Լաիմա Լուսիա Անդրիկիենեին հաջողվեց կառուցողական մթնոոլորտ ստեղծելով` հասնել հաջողության:
Սակայն լիագումար նիստի ընթացքում որոշ արևելյան գործընկերների կողմից փորձ արվեց շրջանցել հայկական պատվիրակության պահանջը` հիմնական զեկույցում տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնամխելիության հետ մեկտեղ ամրագրել ազգերի ինքնորոշման և միջազգային հարաբերություններում ուժի չկիրառման սկզբունքները: Վիճելի պարբերությունը տեքստից ընդհանրապես հանելու եվրոպական պատգամավորների առաջարկն արժանացավ ադրբեջանական և վրացական պատվիրակությունների այն աստիճան բուռն դիմադրության, որ հայկական պատվիրակության պատրաստակամությունը` ևս մեկ զիջման գնալ, ազգերի ինքնորոշման սկզբունքի փոխարեն հիշատակելով ազատ կամարտահայտության իրավունքը, դարձավ անիմաստ:
Հայաստանի համար անընդունելի բանաձևը քվեարկության դնելուն ընդդիմանալով` մեր պատվիրակությունը հարցի հետագա քննարկումը տեղափոխեց Եվրանեսթի Բյուրո:
ԱԺ Եվրանեսթ խորհրդարանական Վեհաժողովի հայկական պավիրակությունից տեղեկացնում են, որ այդ փուլում անհրաժեշտ ճկունություն ապահովող ձևակերպումների շուրջ ընդհանուր համաձայնության հասնելու հավանականությունը բավականին մեծ էր, սակայն հայական պատվիրակության կառուցողական մոտեցումները, Արևելյան գործընկերության խորհրդարանական ձևաչափում համագործակցային և փոխզիջումային մթնոլորտ ստեղծելու պատրաստակամությունը որոշ պատվիրակություններ փորձեցին չարաշահել, ինչի արդյունքում հայկական պատվիրակությունը ստիպված եղավ պահանջել կոնսեսուս:
Արդյունքում զեկույցը չընդունվեց, և կոնսեսուսը խաթարվեց ադրբեջական և վրացական պատվիրակությունների ոչ կառուցողական գործելաոճի պատճառով:
«Ափսոսանքով արձանագրում ենք, որ իրականություն դարձան ՀՀ ԱԺ պատվիրակության կանխատեսումներն առ այն, որ Եվրանեսթի որոշ պատվիրակություններ չեն կարողանալու խուսափել այդ կազմակերպությունը անպտուղ բանավեճերի բեմահարթակ դարձնելու գայթակղությունից` շեղելով Եվրանեսթը իր հիմնական նպատակից` արևելյան գործընկերների եվրոպական ինտեգրացիայից: Այդուհանդերձ, արձանագրենք նաև, բոլոր նրանք, ովքեր թյուրիմացաբար կարծում էին, թե հայկական պատվիրակությանը հնարավոր է պարտադրել մեր ազգային շահերին հակասող զիջումներ, ստիպված կլինեն հետայսու վերանայել «փոխզիջում» հասկացությունը միակողմանի զիջումով նենգափոխելու իրենց միտումները»,-նշված է հաղորդագրությունում: