.jpg)
ՀՀ-ն կարող է 1-2 օրվա ընթացքում սկսել Արցախի ճանաչման գործընթացը
«Ուրուգվայի կողմից ԼՂ-ն ճանաչելու հնարավորությունը բավական հին պատմություն ունի, դեռևս 1994-1995թթ.-ին ԼՂՀ այն ժանանակ դեռևս Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բավականին հաճախ հանդիպումներ էր ունենում Ուրուգվայի ղեկավարության հետ և ճանաչման հնարավորությունը կասեցվել էր ՀՀ դիրքորոշման պատճառով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ուրուգվայի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հնարավորությանը` ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը:
Նա նշեց, որ դեռևս 1994թ.-ից Ուրուգվայը ուներ ԼՂ անկախության ճանաչման պատրաստակամությունը:
«Վերջին օրերին Ուրուգվայի արտաքին գործերի նախարարի հայտարարած պատրաստակամությունը Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին, կարծես թե հանդիսանում է Ուրուգվայի քաղաքականության շարունակությունը»,-ընդգծեց Հ. Մելիք Շահնազարյանը:
Նրա խոսքերով, Ուրուգվայը առաջին պետությունն է, որ ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը և նրան հետևեցին տասնյակ պետություններ և Ուրուգվայը դրեց այդ ճանաչումների սկիզբը:
Հ. Մելիք Շահնազարյանը նշեց, որ այսօր մենք ունենք ռեալ հնարավորություն նոր սկիզբ դնել` կրկին Ուրուգվայից, ԼՂ ճանաչման հարցում և Ուրուգվային հավանաբար կհետևեն Լատինական Ամերիկայի երկրները, այնուհետև նաև միջազգային հանրությունը:
Նա ընդգծեց, որ պետք է նկատել նաև ՀՀ դիվանագիտական կարողությունները, այսինքն Ուրուգվայի նախարարի հայտարարությունը փաստում է, որ անհրաժեշտության պարագայում ՀՀ-ն կարող է 1-2 օրվա ընթացքում սկսել Արցախի ճանաչման գործընթացը:
Քաղաքագետն ասաց, որ ԼՂ անկախության մասին արդեն իսկ սկսել են խոսել նաև այլ պետություններ, որոնք համակերպվել են այն իրողության հետ, որ 20 տարուց ավել ԼՂՀ գոյություն ունի այս տարածաշրջանում և հետ գնալու միտումներ չկան և հիմա պետք է օգտագործել այդ պետությունների պատրաստակամությունը, որպես ևս մեկ լծակ Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում և ասել, որ պահը արդեն իսկ հասունացել է:
Նա հավելեց, որ Ադրբեջանի կողմից ցանկացած պրովոկացիա Արցախի ուղղությամբ կստանա միջազգային հանրության պատասխանը` Ուրուգվայի և այլ պետություների կողմից ԼՂՀ անկախության ճանաչման տեսքով: