Վահրամ Բալայան. Թուրքիան Ղարաբաղի հարցում անզիջում է լինելու
17/09/2011 16:26

Վահրամ Բալայան. Թուրքիան Ղարաբաղի հարցում անզիջում է լինելու

Aysor-ի հարցերին պատասխանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Արցախի Հանրապետության պետական համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը։

Aysor. Պարոն Բալայան, ե՞րբ և ի՞նչ ձևով եք տեսնում Ղարաբաղի խնդրի լուծման վերջնական տարբերակը։ Դրա հետ կապված՝ ինչպիսի՞ն է ղարաբաղցիների տեսակետը։

- Ղարաբաղցիները այս հարցը փակել են դեռևս 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշումով և դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվելով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գոյություն ունի, այսօր այն կերտվում է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային առումով, և Ղարաբաղի ժողովուրդը լիահույս է, որ միջազգային հանրությունն ըմբռնումով կմոտենա այդ ամենին։ Պարզապես այսօր մեզ համար կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը դե յուրե ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որովհետև մեծ ցանկություն ունենք ինտեգրվելու համաշխարհային հանրությանը։ Երբ արտերկրից մարդիկ գալիս են Ղարաբաղ՝ ականատես են լինում մեր օրինապաշտությանը, պետականաշինության գործին մեր նվիրվածությանը, նրանք նույնպես գտնում են, որ այդպես պիտի լինի։ Պարզապես խոշոր տերությունների բախման կիզակետում լինելով, առայժմ, կարծում եմ, խնդրի լուծումը հնարավոր չէ։ Ադրբեջանը մշտապես հանդես է գալիս ռազմաշունչ կոչերով... Նշեմ, որ դա մեզ համար արդեն սովորական է, որովհետև գոյություն ունի պետություն, այզգային բանակ, որի մարտունակությունն ամեն օր մեծանում ու հզորանում է։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ միայն վերջին տարում 20 %-ով մեծացել է մեր զինապարկը, և այն օրեցօր ավելի է ավելանում։ Մեզ մնում է, որ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տնտեսապես ամրապնդվեն, ժողովուրդը լիահույս լինի՝ ամուր ոտքերով կանգնած լինի իր հողին։

Aysor. Իսկ բանակցություններին Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների ներգրավվածության խնդի՞րը...

-Իհարկե, ցավալի է, որ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս է մնածել բանակցային գործընթացից, այն դեպքում, երբ 1994թ. մայիսյան հրադադարի ժամանակ ադրբեջանցիներն իրենք էին Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը խնդրում, որ նմանատիպ պայմանագիր ստորագրվի։ Պարզապես, դեպքերի զարգացուման արդյունքում, Ղարաբաղը մի տեսակ դուրս մղվեց այդ գործընթացից։ Լիահույս եմ, որ ժամանակի ընթացքում միջազգային հանրությունը կգա այն կարծիքին , որ Ղարաբայան խնդիրը հնարավոր է լուծել միայն Ղարաբաղի Հանրապետության իրավասու իշխանության մասնակցության պարագայում։

Aysor. Վերջին շրջանում Ղարաբաղի խնդրի լուծումն ավելի շատ է կապվում հայ-թուրքական հարաբերությունների հետ։ Ձեր կարծիքով, նման կապ պե՞տք է դիտարկել։

-Հայաստանի Հանրապետության փորձը՝ հարաբերվել Թուրքիայի հետ, իմ կարծիքով հեռանկար չունի, որովհետև հնարավոր չէ, որ Թուրքիան չշահարկի Ղարաբաղի խնդիրը։ Սա դարասկզբից սկսած՝ առ այսօր, Թուրքիայի համար կարևոր նշանակություն ունի։ Ղարաբաղն այն առանցքն է, որը պետք է կապվի թուրքական աշխարհի հետ։ Հետևաբար, Թուրքան այս հարցում անզիջում է լինելու։ 

Վահրամ Բալայան. Թուրքիան Ղարաբաղի հարցում անզիջում է լինելու