06/10/2011 17:43
«Բազմազանության արտոնագիր» վիճակախաղ 2013 թ.
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է «Բազմազանության արտոնագիր» վիճակախաղի 2013թ. խաղարկության գրանցման գործընթացը սկսելու մասին: 2013թ. վիճակախաղի մասնակցության դիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով, սկսած երեքշաբթի օրից` 2011թ. հոկտեմբերի 4-ից (արևելյան ամառային ժամանակով 12:00-ից (Գրինվիչ-4)) մինչև շաբաթ, 2011թ. նոյեմբերի 5-ը ( արևելյան ամառային ժամանակով (Գրինվիչ-4)): Մասնակցության համար պետք է այցելել www.dvlottery.state.gov կայքը ու գրանցման համար նախատեսված ժամանակահատվածում լրացնել օնլայն/առցանց դիմում: Թղթային կրիչներով դիմումներ չեն ընդունվում: Նոյեմբերի 5-ից հետո դիմումները չեն ընդունվի:
Կոնգրեսի որոշման համաձայն իրականացվող ներգաղթային արտոնագրի ամենամյա վիճակախաղը կազմակերպվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից` «Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենք»-ի 203(գ) հոդվածով նախանշվող պայմանների համաձայն: 1990թ. ընդունված «Ներգաղթային ակտ»-ի 131 հոդվածը, որով լրամշակվեց «Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենք»-ի 203-րդ հոդվածը, նախատեսում է ներգաղթողների նոր տեսակ, որը հայտնի է, որպես «Ներգաղթողներ բազմազանության ապահովման համար»: Այս օրենքի 203(գ) հոդվածի համաձայն ամեն տարի մշտական բնակության առավելագույնը 55.000 արտոնագիր է տրամադրվում ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեցող երկրների քաղաքացիներին:
Ըստ ԱՄՆ դեսպանատան տարածած տեղեկատվության` ամենամյա այս ծրագրի շրջանակներում մշտական բնակության արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է բավարարել մի քանի չափանիշներ: Ընտրությունը կատարվում է վիճակախաղի միջոցով, որի ժամանակ համակարգիչը պատահական ընտրանքի միջոցով որոշում է հաղթողներին, որոնք իրավունք են ստանում ներգաղթային արտոնագրի դիմում ներկայացնել: Այս արտոնագրերը բաշխվում են վեց աշխարհագրական տարածքներում, սակայն գերակշիռ մասը գնում է այն երկրներին, որոնք ունեն ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ: Իսկ այն երկրների քաղաքացիները, որտեղից վերջին 5 տարիների ընթացքում ներգաղթած անձանց թիվը գերազանցում է 50.000-ը, իրավունք չունեն մասնակցել այս ծրագրին: Ոչ մի երկիր իրավասու չէ ստանալ տվյալ տարվա համար խաղարկվող արտոնագրերի 7 տոկոսից ավելին:
2013թ. համար նախորդ տարվա խաղարկությանը մասնակցելու իրավասու երկրների շարքում այս տարի տեղ են գտել Լեհաստանն ու Հարավային Սուդանը, իսկ Բանգլադեշն այս տարի ավելացել է այն երկրների շարքին, որտեղ ծնված անձինք իրավասու չեն մասնակցել խաղարկությանը:
Խաղարկությունում հաղթելը դեռ չի երաշխավորում, որ մասնակիցը արտոնագիր կստանա: Հաղթողները պետք է անցնեն հարցազրույց և որակավորված լինեն արտոնագիր ստանալու համար:
Պետքարտուղարությունը 2005թ ներդրել է դիմումների ներկայացման էլեկտրոնային համակարգ` գործընթացն առավել արդյունավետ ու ապահով դարձնելու համար: Կիրառվող տեխնոլոգիաները թույլ են տալիս հայտնաբերել կեղծիքները և այն դեպքերը, երբ ներկայացվում են մեկից ավելի դիմումներ մեկ հոգու անունից: