07/10/2011 11:10
Սարկոզի.Պատմական իրողությունը ժխտելով մնայուն հաշտեցումն անհնար է
Այսօր Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի համատեղ ասուլիսի ընթացքում Նիկոլա Սարկոզին հայտարարեց, որ եթե Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում ավելի հեռուն կգնա` կքրեականացնի ցեղասպանության ժխտումը:
Ֆրանսիայի նախագահը նաև նշեց, որ ժամանակն անսահամանափակ չէ, և զարգացումներից կախված` Ֆրանսիան այդ քայլին կգնա հենց իր նախագահության օրոք:
Նիկոլա Սարկոզին պատասխանելով ֆրանսիացի լրագրողի այն հարցին, թե նախագահն ի՞նչ նկատի ուներ նախօրեին Ծիծեռնակաբերդում արած հայտարարությամբ, որ Ֆրանսիան ավելի մեծ պատասխանատվություն կվերցնի, եթե Թուրքիան ուղիղ չնայի իր պատմությանը, Նիկոլա Սարկոզին ասաց, որ իր մոտեցումը հստակ է` հավաքական ժխտումն ավելի ցավալի է, քան անհատականը, թեև անհատական մակարդակում էլ չի կարելի թույլ տալ, որպեսզի ժխտվի ցեղասպանության փաստը:
«Եվ եթե Թուրքիայի նման մեծ երկիրը ճանաչի իր պատմությունն ու դարի սկզբին իրագործված ցեղասպանությունը, Ֆրանսիան ու Հայաստանը դա կընկալեն որպես խաղաղության մեծ ժեստ, Հայաստանի հետ հաշտության ժեստ: Պատմական իրողությունը ժխտելով մնայուն հաշտեցումն անհնար է»,-ասաց Ֆրանսիայի նախագահը:
Ն. Սարկոզին նաև շեշտեց, որ ժամանակն անսահամանափակ չէ, և 1915-ից ի վեր մտածելու համար բավարար ժամանակ արդեն իսկ անցել է. «Եթե Թուրքիան իր մեջ ուժ գտնի և գնա այդ քայլին, Ֆրանսիան դա բավարար կհամարի»: