08/10/2011 10:08
Գրականության Նոբելյան մրցանակ` ձախ ձեռքով գրող շվեդին
Վերջին 37 տարիներին Թոմաս Տրանստրոմերը դարձավ առաջին շվեդ գրողը, ով արժանացավ գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի: Շատ շվեդներ մտավախություն ունեին, որ իրենց հայրենակիցներն այլևս երբեք չեն արժանանա այդ պարգևին, քանի որ վերջին անգամ այն տրվել էր 1974թ-ին Շվեդիայի միանգամից երկու ներկայացուցչի: Սակայն լռության 37 տարիները նրանց անարդար էին թվում:
1990-ական թվականներից Տրանստրոմերը, ծանր կաթվածի հետևանքով չի կարողանում խոսել և գրում է միայն ձախ ձեռքով: Սակայն, ինչպես «fontanka.ru» կայքին պատմել է շվեդ հայտնի լրագրող Մալկոլմ Դիկսելիուսը, Թոմասը երբեք չի դադարում ստեղծագործել և գրում է թեև դանդաղ, սակայն արժեքավոր գործեր:
Տրանստրոմերն իր գործերում փոքր կերպարներից կերտում է համամարդկայինն ու հիմնարարը: Հենց այդ բնութագրով է Շվեդիայի ակադեմիան շնորհել նրան Նոբելյան մրցանակը. «Կարճ, կիսաթափանցիկ կերպարների համար, որոնք թույլ են տալիս նոր հայացք գցել իրականությանը»:
Նշենք, որ Նոբելյան մրցանակակիրը մասնագիտությամբ բժիշկ հոգեբան է, ինչպես նաև հրաշալի դաշնակահար. նվագում է միայն ձախ ձեռքով` արևմտյան կոմպոզիտորների կողմից հատուկ իր համար գրված ստեղծագործությունները: