10/10/2011 10:59
Փոլ Մաքքարտնին երրորդ անգամ է ամուսնացել
Նախկին «բիթլ» 69-ամյա Փոլ Մաքքարտնին հոկտեմբերի 9-ին երրորդ անգամ է ամուսնացել. Նա իր հարսնացուի` ամերիկուհի Նենսի Շվելի հետ գնացել են Լոնդոնի հյուսիսում գտնվող ամուսնությունների գրանցման գրասենյակ, որտեղ էլ պսակադրության համեստ միջոցառում է տեղի ունեցել, փոխանցում են բրիտանական լրատվամիջոցները:
Հենց այդ գրասենյակում էր սըր Փոլը ամուսնացել իր առաջին կնոջ` Լինդայի հետ, 1969-ին: 51-ամյա հարսնացուի` Նենսիի համար հարսանեկան զգեստը կարել է Մաքքարտնիի դուստրը` հայտնի դիզայներ Ստելլա Մաքքարտնին: Վերջինը նաև հյուրասիրության ու ուտեստների պատասխանատուն է եղել: Մաքքարտնին, որը հայտնի բուսակեր է արդեն մի քանի տարի, հստակ հանձնարարական է տվել, որ հյուրերին մսից պատրաստված ոչ մի ուտեստ չհյուրասիրեն, միայն բնական ճրգանական կերակուր:
Ի տարբերություն նախկին երկու հարսանիքների, հռչակավոր «բիթլի» այս հարսանիքը ճոխ չի եղել: Բրիտանական լրատվամիօջոցները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ հենց հոկտեմբերի 9-ին լրացել է մեկ այլ նախկին «բիթլ» Ջոն Լենոնի ծննդյան 71-ամյակը:
Մաքքարտնիի հարսնաիքին ներկա են եղել շատ հայտնի մարդիկ, որոնց թվում եղել է նաև մեկ այլ նախկին բիթլական Ռինգո Սթարը:
Հարսնացուն ԱՄՆ բիզնես էլիտայի ներկայացուցիչ է, Նյու Յորքի տրանսպորտային կառավարման տնօրենների խորհրդի անդամ և ընտանեկան մասնավոր տրանսպորտային կորպորացիայի փոխնախագահն է: Նենսիի հետ Մաքքարտնին սկսել է հանդիպել դեռ չորս տարի առաջ: Նա հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե հարսանիքից հետո հավանաբար կթողնի բիզնեսը ԱՄՆ-ում և կմեկնի Անգլիա` ամուսնու մոտ: