21/10/2011 11:27
ԿԽՄԿ-ն հրապարակել է իր հաջորդ նախագահի անունը
Հոկտեմբերի 17-ի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) համաժողովի նիստում ղեկավար մարմինը նշանակեց Պետեր Մաուրերին ԿԽՄԿ-ի հաջորդ նախագահ։
Պարոն Մաուրերը կհաջորդի Յակոբ Կելենբերգերին, որը զբաղեցնում է այդ պաշտոնը 2000 թ.-ից ի վեր և ցանկություն է հայտնել թոշակի անցնել ԿԽՄԿ-ում իր նախագահության երրորդ ժամկետի ավարտին պես։ Պարոն Մաուրերն իր նոր պաշտոնին կանցնի 2012թ.-ի հուլիսի 1-ից և կպաշտոնավարի չորս տարի, որից հետո այդ ժամկետը կարող է երկարացվել։
Ներկայումս պարոն Մաուրերը զբաղեցնում է Շվեյցարիայի արտաքին գործերի պետքարտուղարի պաշտոնը, որը նա ստանձնել է 2010թ.-ին։ Այդ պաշտոնում նա համակարգում է Բեռնում գտնվող գլխավոր գրասենյակի և աշխարհի մոտ 150 դեսպանատների և դիվանագիտական առաքելությունների գործունեությունը։
Պարոն Կելենբերգերը կլքի իր պաշտոնը երեք ժամկետ պաշտոնավարելուց հետո։ Նա ԿԽՄԿ-ում իր նախագահությունը սկսել է 2000թ.-ի հունվարի 1-ից, և լիազորությունները կհանձնի իր իրավահաջորդին 2012թ.-ի հունիսի 30-ին։ Այս ժամանակահատվածում զինված հակամարտությունների բնույթը զգալի փոփոխություններ է կրել, և ԿԽՄԿ-ն ստիպված է եղել համապատասխանացնել իր մարդասիրական գործողությունները դրանց։ Պարոն Կելենբերգերի պաշտոնավարության օրոք ԿԽՄԿ-ն ընդլայնել է իր գործողությունների աշխարհագրությունը և ծավալը, ավելի արդյունավետ դարձնելով մարդասիրական այն ծառայությունները, որոնք ԿԽՄԿ-ն տրամադրում է զինված հակամարտության և բռնության այլ իրավիճակներում տուժած անձանց։ Բացի այդ, ինչպես գլխամասային գրասենյակում, այնպես էլ տեղերում կազմակերպության շարքերը համալրել են օտարերկրյա բազմաթիվ մասնագետներ, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ավելի արագ, բարձր որակով և մեծ արդյունավետությամբ կազմակերպել մարդասիրական գործողությունները ամենաբարդ իրավիճակներում։
Կենսագրական տվյալներ.
Պետեր Մաուրերը ծնվել է 1956թ.-ին Թոուրնում, Շվեյցարիա։ Նա ուսումնասիրել է պատմություն և միջազգային իրավունք Բեռնում, որտեղ արժանացել է դոկտորի կոչման։ 1987թ.-ին աշխատանքի անցնելով Շվեյցարիայի դիվանագիտական ծառայությունում՝ զբաղեցրել է տարբեր պաշտոններ Բեռնում և Պրետորիայում։ 1996թ.-ին տեղափոխվել է Նյու Յորք և նշանակվել Միավորված ազգերի կազմակերպությանն առընթեր Շվեյցարիայի առաքելության մշտական դիտորդի տեղակալի պաշտոնի։ 2000թ.-ին ստացել է դեսպանի կարգավիճակ և ղեկավարել է մարդու անվտանգության հարցերով զբաղվող բաժինը՝ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության գլխամասային գրասենյակում, Բեռն։
2004թ.-ին պարոն Մաուրերը նշանակվել է դեսպան և Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ Միավորված ազգերի կազմակերպությունում, Նյու Յորք: Այս պաշտոնում նա գործադրել է բոլոր ջանքերը Միավորված ազգերի կազմակերպությանը վերջերս միացած Շվեյցարիան ինտեգրելու միջազգային բազմաբնույթ ցանցին։ 2009թ.-ի հունիսին Գլխավոր ասամբլեան ընտրել է պարոն Մաուրերին ՄԱԿ-ի վարչական և բյուջետային հարցերի հինգերորդ հանձնաժողովի նախագահ։ Բացի այդ, նա ընտրվել է ՄԱԿ-ի Խաղաղաշինության հանձնաժողովի Բուրունդիի կոնֆիգուրացիայի նախագահ։ 2010թ. հունվարին պարոն Մաուրերը ստանձնել է իր պարտականությունները՝ որպես Շվեյցարիայի արտաքին գործերի պետքարտուղար։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։