.jpg)
2012 պետբյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 1,042.56 մլրդ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն այսօր ԱԺ քննարկման ժամանակ ներկայացրեց գալիք տարում եկամուտների ձևավորման, հարկային և մաքսային քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Ըստ նրա` այս տարվա յոթ ամիսների դրական զարգացումները և համաշխարհային տնտեսությունում աճի կանխատեսումները իրատեսական են դարձրել 2011 թվականի տնտեսական աճի տեմպի 4.6 տոկոս կանխատեսումը:
«2012 թվականի համար ծրագրված հարկային եկամուտների և պետական տուրքերի 732.3 մլրդ դրամ մակարդակը գերազանցում է 2010 թվականի համադրելի փաստացի մակարդակը 141.1 մլրդ դրամով, իսկ 2011 թվականի ծրագրային մակարդակը` 82.3 մլրդ դրամով»,- ասաց նա:
Օրենսդրական փոփոխությունների և վարչարարական միջոցառումների իրականացումից 2012 թվականին ակնկալվում է հավաքագրել 39.7 մլրդ դրամ:
Ինչ վերաբերում է պետական տուրքերին, այդ մասով 2012 թվականի բյուջետային մուտքերը ծրագրվել են 21,148.3 մլն դրամի չափով:
«Նախագծով պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով 2012 թվականի պետական բյուջեի մուտքերը նախատեսվել են 142.1 մլրդ դրամ, իսկ այլ եկամուտների մասով` 20.9 մլրդ դրամ»,- ասաց նա:
2012 թվականի պետական բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 910 մլրդ դրամի չափով կամ 2011 թվականի համար հաստատված` 852.4 մլրդ դրամ, ինչը 2010 թվականին փաստացի ստացված 759.7 մլրդ դրամ համադրելի գումարների համեմատությամբ 6.8 %-ով և 19.8 %-ով ավելի է:
Գալիք տարվա պետբյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 1,042.56 մլրդ դրամ: